Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Հարբած վարորդը պարեկներին կաշառք էր առաջարկել

24 Նոյեմբեր, 2022 17:08
Հարբած վարորդը պարեկներին կաշառք էր առաջարկել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր: 

Մասնավորապե՝ նախաքննությամբ պարզվել է, որ պարեկ Գ. Պ.-ն իր երկու ծառայակիցների հետ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել է Գ. Շ.-ի վարած ավտոմեքենան և ստուգմամբ պարզել, որ տվյալ տրանսպորտային միջոցը չունի ԱՊՊԱ պայմանագիր, իսկ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ:

Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու դիմաց Գ. Շ.-ն պարեկ Գ. Պ.-ին առաջարկել է 20.000 ՀՀ դրամ, որը վերջինս չի վերցրել՝ վարորդին զգուշացնելով հնարավոր քրեական պատասխանատվության մասին:  

Կաշառք առաջարկելուց զերծ մնալու՝ պարեկի հորդորներից հետո վարորդը գրպանից ևս մեկ 20.000 ՀՀ դրամ է հանել՝ որպես կաշառք առաջարկելով արդեն 40.000 ՀՀ դրամ գումար, որից հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ վարորդ Ռ. Ե.-ն իր կողմից թույլ տրված վարչական իրավախախտումը չարձանագրելու համար դարձյալ կաշառք է առաջարկել ՀՀ ոստիկանության պարեկին:

Նախաքննությամբ պարզվել է, որ պարեկներ Հ. Ա.-ն և Ռ. Մ.-ն Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի հատվածում տեղադրված են եղել սահմանված չափանիշներին չհամապատասխանող լուսային ազդանշաններ արձակող սարքավորումներ։ Վարորդ Ռ. Ե.-ն իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներից մեկին առաջարկել է 2000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Պարեկներին կաշառք առաջարկելու համար վարորդներ Գ. Շ.-ին և Ռ. Ե.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերը նշված երկու վարույթների նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին