Կարևոր իրադարձություններ

ՀՀ մատակարարվող գազի գինը տասը տարի չի փոփոխվի

24 Նոյեմբեր, 2022 14:10
ՀՀ մատակարարվող գազի գինը տասը տարի չի փոփոխվի

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի առուվաճառքի մասին 2013 թվականին կնքված համաձայնագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին արձանագրության նախագիծը։

Համաձայն նախագծի՝ ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի` որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։

«Էներգաբլոկի ոչ լրիվ հզորությամբ աշխատելու հետևանքով «Գազպրոմ» ՓԲԸ-ի կողմից կատարված ներդրումները ոչ միայն ետ չեն գնվել, այլև վարկային պարտավորություններն ավելացել են՝ հասնելով շուրջ 100 մլն դոլարի»,– նշված է որոշման նախագծի մեջ։

Համաձայն նախագծի՝ 5-րդ էներգաբլոկի թերբեռնվածությունը մեծապես պայմանավորված է առևտրային պայմանագրերի բացակայությամբ, ինչպես նաև Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցման ժամկետների ուշացմամբ։

Արձանագրությամբ նաև նախատեսվում է կարգավորել Երևանի ՋԷԿ-ի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին ունեցած շուրջ 30 մլն դոլար պարտավորությունների մարման հետ կապված հարցերը։

Արձանագրությունը կազմվել և ստորագրվել է ռուսական կողմի հետ շուրջ 2 տարի տևած բանակցությունների արդյունքում։

Հիմնավորման մեջ նշված է նաև, որ արձանագրությամբ սահմանված պայամանների իրագործումը կնպաստի Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վերագործարկմանը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի տասը տարվա կտրվածքով հաստատուն պահել Հայաստան մատակարարվող գազի գինը։

 

Լրահոս

Դիտել ավելին