Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

ԱՀ պետնախարարը հարգանքի տուրք է մատուցել Մոնթե Մելքոնյանի հիշատակին

22 Նոյեմբեր, 2022 18:54
ԱՀ պետնախարարը  հարգանքի տուրք է մատուցել  Մոնթե Մելքոնյանի հիշատակին

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 22-ին այցելել է Մարտունի, աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջանի վարչակազմում,  ծանոթացել առաջնային նշանակության խնդիրներին: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմից։

Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանն ամենակարևոր խնդիրների շարքում նշել է բնակարանային  ապահովվածության հարցը, որը հատկապես սրվել է  44- օրյա պատերազմից հետո, ինչպես նաև ենթակառուցվածքների, մասնավորապես՝ դպրոցների նորոգման հարցը:

Ռուբեն Վարդանյանը հետաքրքրվել է բնակարանաշինական ծրագրերով  և բնակարանային կարիքների բավարարման ընթացքով: Նա հատկապես ընդգծել է հերթագրման համակարգի թափանցիկության և արդարության սկզբունքների պահպանման կարևորությունը:

 

Խորհրդակցությունից հետո  պետնախարարը հանդիպել է Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների,  վարչակազմի ներկայացուցիչների, հիմնարկ-ձեռնարկությունների  ղեկավարների հետ:

 
«Մարտունու շրջանը զգացել է պատերազմի ողջ ծանրությունը,  բայց դուք կարողացել եք մեր հայրենիքը պաշտպանել: Հիմա կյանքը շարունակվում է, Մարտունի քաղաքը վերականգնվում է, ու դա ամենամեծ նվաճումն է: Ես սկսել եմ այս աշխատանքային հանդիպումները, որովհետև ուզում եմ ձեզ հետ կապ ստեղծել, հասկանալ խնդիրները, տեսնել, թե  ինչպես  եք  դուք այստեղ պատկերացնում դրանց  լուծումները, որպեսզի որոշումները լինեն հիմնավորված ու արդյունավետ»,- նշել է պետնախարար:

Ռուբեն Վարդանյանը լսել է համայնքների ղեկավարների  կողմից բարձրացված  խնդիրները,  որոնք վերաբերել են,  մասնավորապես,  ճանապարհաշինությանը,  գյուղտեխնիկայով ապահովվածությանը,  բնակիչների կենսապահովման համար գյուղերում անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: 

 

Պետնախարարը պատրաստակամություն է հայտնել  համայնքներին վերաբերող որոշումների կայացման գործընթացին մասնակից դարձնել հենց համայնքապետերին, լսել նրանց կարծիքներն ու մոտեցումները:

«Որոշումները պետք է լինեն հիմնավորված, իսկ դրանց  կայացման ընթացակարգերը՝ թափանցիկ: Մարդիկ պետք է իմանան, թե ինչ չափանիշներով են ընտրվում առաջնահերթ լուծման ենթակա խնդիրները»,- ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Նա տեղեկացրել է, որ  բարձրացված հարցերն  ուսումնասիրվելու են,  քննարկվելու են դրանց լուծման հնարավորությունները:

Այցի շրջանակում Ռուբեն Վարդանյանը եղել է Մարտունի քաղաքի արհեստագործական ուսումնարանում, ծանոթացել պայմաններին, ուսումնական գործընթացին,  տնօրեն  Արտակ Սարգսյանի հետ  քննարկել զարգացման հեռանկարները:

Պետնախարարը  ծանոթացել է նաև Մարտունի քաղաքում իրականացվող պետական  բնակարանաշինական ծրագրի ընթացքին, այցելել շինարարական հրապարակ:

Ռուբեն Վարդանյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախի հերոս և Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի  հիշատակին, ծաղիկներ խոնարհել նրա հուշարձանին:

 

Լրահոս

Դիտել ավելին