Կարևոր իրադարձություններ

Հայագիտական ամբիոն՝ Մադրիդի և Մասարիկի համալսարաններում

22 Նոյեմբեր, 2022 18:27
Հայագիտական ամբիոն՝ Մադրիդի և Մասարիկի համալսարաններում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հետևողական աշխատանք է իրականացնում օտարերկրյա պետությունների համալսարաններում, թանգարան-ինստիտուտներում և կենտրոններում հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայագիտական հետազոտությունների խթանման ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Ըստ այդմ՝ արտերկրում գործող մեկ տասնյակից ավելի հայագիտական կենտրոններ ՀՀ պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում: Ծրագրի իրագործման նպատակով պետական բյուջեից ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և ՀՀ դեսպանությունների միջև կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա։

2022 թ. նոյեմբերին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստորագրել է հուշագրեր Բռնոյի Մասարիկի (Չեխիա) և Մադրիդի ինքնավար (Իսպանիա) համալսարանների հետ: Հուշագրերը ստորագրել են Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը և Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը:

Համաձայն հուշագրերի՝ ՀՀ պետական ֆինանսավորմամբ Մադրիդի համալսարանում հիմնադրվում է Իսպանիայում առաջին հայագիտական ամբիոնը՝ Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի կառուցվածքում, իսկ Բռնոյում՝ հայագիտական կենտրոնը: Երկու կառույցներն էլ ստեղծվել են Հայաստանի մասին ճանաչողության բարձրացման, հայ ժողովրդի պատմության և քաղաքականության ուսումնասիրման, հայոց լեզվի տարածման և հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով։

Բռնոյի Մասարիկի համալսարանում նախատեսված է հայերենի դասավանդում: Մադրիդի համալսարանում առաջին անգամ փորձ է արվում դասավանդելու «Երկրագիտություն» (Հայաստանի) առարկան՝ իսպաներենով: Ծրագիրը մշակել և Մադրիդի համալսարանին է տրամադրել Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնը (հեղ.՝ ք.գ.թ., դոց. Նարեկ Գալստյան և ք.գ.դ., պրոֆ. Աշոտ Ալեքսանյան): Կողմերի համոզմամբ՝ սույն առարկան կարող է ապահովել ավելի լայն լսարան և տալ պատկերացումներ Հայաստանի և հայ մշակույթի մասին:

Նշված ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցելու հայերենի և հայագիտության տարածմանը և ամրապնդմանը օտարերկրյա պետությունների համալսարաններում։ Սա լայն հնարավորություն է ճանաչելի դարձնել հայկական մշակույթն ու ինքնությունը, մեծացնել միջազգային հետաքրքրությունը հայ ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչպես նաև տեղի հայ համայնքներում նպաստել հայկական արժեքների պահպանմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին