Կարևոր իրադարձություններ

Ներսիսյանն, ասում են, վճռական է տրամադրված՝ կա՛մ ինքը, կա՛մ Խանումյանը. «Հրապարակ»

22 Նոյեմբեր, 2022 09:26
Ներսիսյանն, ասում են, վճռական է տրամադրված՝ կա՛մ ինքը, կա՛մ Խանումյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Դեռեւս այս տարվա ապրիլի 29-ին Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն Արցախի խորհրդարանում հայտարարեց, որ ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ներգրավված է որպես մեղադրյալ: ԱՀ գլխավոր դատախազը նշել էր, որ Խանումյանի՝ որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո այդ մասին հաղորդվել է գործադիր իշխանության ղեկավարին:

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել: Մենք խափանման միջոց կիրառելու հարցում ունենք օրենսդրական հստակ հիմքեր, եւ եթե նկատի ունեք արգելանքի հետ կապված խափանման միջոց, բնականաբար, նման խափանման միջոց ընտրված չէ:

Ինչ վերաբերում է հետագա պաշտոնավարման նպատակահարմարության մասին հարցին, ապա այս դեպքում եւս դատախազությունը նման հարց կարող է բարձրացնել միջնորդագրի տեսքով: Այդպիսի միջնորդագիր հանրապետության նախագահին ներկայացվել է դեռեւս մարտ ամսին, ընդ որում՝ ավելի մանրակրկիտ եւ ավելի մեծ սպեկտր իր մեջ ներառելով, քան նրան մեղսագրված արարքն է»,- ասել էր գլխավոր դատախազը:

Հետո իրավապահ մարմինների հաղորդագրություններից պարզ դարձավ, որ Խանումյանն Արցախի իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 44-օրյա պատերազմից հետո։ Իրավապահների առաջ քաշած վարկածն այն է, թե Խանումյանի ղեկավարած գերատեսչությունը պաշտոնեական անփութություն է դրսեւորել եւ շուրջ 70 միլիոն դրամի վնաս պատճառել պետությանը։ 

Մեր տեղեկություններով՝ ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը մտադիր է հերթական միջնորդությունը ներկայացնել՝ ավելի համապարփակ, մի քանի քրեական գործերի վերաբերյալ։ Դատախազին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ Ներսիսյանն իր պատվի հարցն է համարում Խանումյանի քրեական գործն ավարտին հասցնելը, քանի որ տարբեր առիթներով իր երեսին նետում են, թե չկարողացավ Խանումյանին առնչվող քրգործն առաջ տանել։ Ներսիսյանը, ասում են, այժմ վճռական է տրամադրված՝ կա՛մ ինքը, կա՛մ Խանումյանը, եթե այս անգամ էլ իր միջնորդությունը մերժվի, դատախազը հրաժարականի դիմում կգրի»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին