Կարևոր իրադարձություններ

Հավաքական Արևմուտքն այս տարածաշրջանը «պայթեցնելու» խնդիր է դրել. «Փաստ»

22 Նոյեմբեր, 2022 08:32
Հավաքական Արևմուտքն այս տարածաշրջանը «պայթեցնելու» խնդիր է դրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գրեթե ամենօրյա ռեժիմով կրակ են բացում հայադրբեջանական սահմանին տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ուշադրություն է հրավիրում սադրանքների ավելացման ժամանակահատվածի ու պատճառի վրա:

«Սադրանքներն ավելացան Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունից հետո, որովհետև այդ հայտարարությամբ չեզոքացվեցին Պրահայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունները, իսկ Սոչիում ընդունվածը չէր բխում Ադրբեջանի ազգային, պետական շահերից: Այն 5 կետը, որոնց մասին Ալիևն ասում էր եռակողմ հանդիպումից առաջ և որոնք վերաբերում էին նաև միջանցքին, ԼՂ հարցի չգոյությանը, Սոչիի եռակողմ հայտարարության մեջ այլ արձանագրում ունեցան:
 
Միջանցքի հետ կապված որևէ կետ չեղավ, որին Ալիևը ձգտում էր, բացի այդ, Ալիևն ուղղակիորեն իր համաձայնությունը տվեց խաղաղապահների դրական արդյունքին, ինչն սկզբունքորեն իրեն ձեռք չէր տալիս: Այդ հայտարարությունից հետո էր, որ Ադրբեջանը սադրանքների մի ամբողջ շարք սկսեց հայ-ադրբեջանական շփման գծի, մասնավորապես Վարդենիսի, Ջերմուկի, նաև Սյունիքի հատվածում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետը:

Հաշվի առնելով նաև ադրբեջանական պաշտոնական օղակներին մոտ կանգնած ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունները, որ ՌԴ-ն նորագույն զենք-զինամթերք է տվել Արցախի ինքնապաշտպանական ուժերին, Հ. Նահապետյանը հավելեց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն անուղղակի մեղադրում է ՌԴ-ին կողմնակալ կեցվածքի մեջ: Ադրբեջանի ղեկավարությունը դժգոհ էր այդ փաստաթղթից ու դիմեց իր հիմնական խաղաքարտին՝ ուժի դիրքերից խոսելուն, սադրելուն, դա դեռ քիչ էր՝ դիմեց նաև խաղաղապահներին վարկաբեկելու միջոցին: Այդ հայտարարության մեջ կար ձևակերպում, ըստ որի, սահմանների դելիմիտացիայի համար հիմք է ընդունվում 1991-ի Ալմա Աթայի հռչակագիրը: Ի դեպ, 1991-ին Ադրբեջանը դարձել էր ԱՊՀ անդամ՝ առանց ԼՂ Ինքնավար Մարզի:

Այսինքն, Սոչիի եռակողմ հայտարարության մեջ անուղղակիորեն նշվել է նաև Արցախի ինքնորոշման իրավունքն ու փաստը: Մեծ հաշվով, բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Պրահայում, նետվել են քաղաքական աղբանոցը, ինչը նաև Փաշինյանն է հասկացել, որը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո այլ կեցվածք է ընդունել»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին