Կարևոր իրադարձություններ

Աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի սահմանագիծը. ի՞նչ են կանխատեսում մասնագիտացված կառույցները. «Փաստ»

19 Նոյեմբեր, 2022 09:21
Աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի սահմանագիծը. ի՞նչ են կանխատեսում մասնագիտացված կառույցները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս ՄԱԿ-ը տվյալներ ներկայացրեց այն մասին, որ աշխարհի բնակչությունը հատել է 8 միլիարդի սահմանագիծը։ Եթե 2011 թվականին աշխարհի բնակչության թիվը պաշտոնապես եղել է 7 միլիարդ, ապա կանխատեսվում է, որ 2050 թվականին բնակչությունը կհասնի 9,7 միլիարդի, իսկ 2080 թվականին՝ 10,4 միլիարդի։ Հիմնականում աֆրիկական և որոշ ասիական երկրներ են, որոնք դարձել են աշխարհի բնակչության աճի հիմնական շարժիչը։ Սակայն զարգացած պետությունների գերակշիռ մասը և որոշ զարգացող երկրներ բախվում են բնակչության թվի նվազման և ծերացման խնդրին։ Դեմոգրաֆիկ խնդիրը ազդում է ինչպես այդ երկրների ներուժի, այնպես էլ տնտեսական հեռանկարի վրա։

Օրինակ՝ ծնելիության ցածր ցուցանիշների պահպանման պարագայում թոշակառուների քանակը կարող է գերազանցել աշխատողների քանակին, ինչը լուրջ բեռ է դառնալու տնտեսության համար։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ հատկապես զարգացած երկրներում մարդկանց կյանքի տևողությունը բավական բարձր է։

Օրինակ՝ ծնելիության շատ ցածր ցուցանիշների պատճառով լուրջ տնտեսական խնդիրների է բախվում Ճապոնիան, որի կառավարությունը տարբեր նախաձեռնությունների միջոցով փորձում է խթանել բնական աճը։ Իսկ այն երկրները, որոնց բնակչության համամասնության մեջ մեծ է երիտասարդների մասնաբաժինը, զարգացման ահռելի հնարավորություններ են ստանում։ Օրինակ՝ երիտասարդ բնակչության ամենամեծ մասնաբաժինն այս պահին ունի Հնդկաստանը, որը, տարբեր կանխատեսումների համաձայն, առաջիկա տարիներին իր ընդհանուր բնակչության թվով անցնելու է Չինաստանից։

Ուստի, մեծ թվով երիտասարդ բնակչության առկայությունը Հնդկաստանին տնտեսական առումով մրցակցային առավելություն է տալիս, սակայն այդ երկիրն էլ երիտասարդների մասնագիտական որակի բարձրացման և գործազրկության կրճատման խնդիր ունի։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մարդկանց կյանքի տևողությունը երկրում շարունակում է բարձրանալ, սակայն, ի տարբերություն աշխարհում առկա միտումների, ծնելիության մակարդակը շարունակում է նվազել։ Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տվյալների, Հայաստանում ծնելիության մակարդակը կազմում է 1,6, սակայն այս ցուցանիշը ավելի կիջնի, քանի որ կանխատեսումներն այնպիսին են, որ մինչև 2050 թվականը ծնելիության նվազման միտումը կպահպանվի:

Այսինքն, մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը ևս կնվազի: Մյուս կողմից՝ պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի բնակչությունն առանց այն էլ քիչ է, և թվաքանակի նվազման միտումների առկայությունը ենթադրում է նաև մեր երկրի տնտեսական, քաղաքական և ռազմական ներուժի կրճատում այն պարագայում, երբ գտնվում ենք բավական բարդ աշխարհաքաղաքական դիրքում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին