Կարևոր իրադարձություններ

Ունենք մեկ ճանապարհ՝ մնալ, ապրել, արարել Արցախում. Ռուբեն Վարդանյան

18 Նոյեմբեր, 2022 17:14
Ունենք մեկ ճանապարհ՝ մնալ, ապրել, արարել Արցախում. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում այսօր մեկնարկել է մասնագիտական զարգացման երկօրյա ծրագիր՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար:

Մասնակիցները հնարավորություն կունենան լսելու հանրային կառավարման ոլորտում միջազգային և տեղական  լավագույն մասնագետներին, քննարկումներ ծավալելու արդյունավետ կառավարման խնդիրների շուրջ: Ծրագիրն իրականացվում է «Մատենա» միջազգային դպրոցի կողմից:

«Մենք համադրում ենք համաշխարհային լավագույն փորձն ու տեղական առանձնահատկությունները։ Սա հնարավորություն է տալիս լինել չկտրված, բայց միաժամանակ, օգտագործելով  արդեն հաջողությամբ կիրառված եղանակները, ավելի արդյունավետ մեխանիզմներ գտնել  բարդ խնդիրների լուծման համար: Այս ծրագրի հիմքում ևս նույն մոտեցումն է» - նշել է «Մատենա»-ի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորել է մասնագիտական նման ծրագրի անցկացումը:

«Ներքին կյանքի ու ռեսուրսների կառավարման բարձր արդյունավետությունը մեծապես բարձրացնում է ցանկացած պետության ու ժողովրդի ռազմավարական դիմադրողականության մակարդակը: Դրա միջոցով հնարավոր է դառնում նվազագույնի հասցնել արտաքին սպառնալիքների ազդեցությունը և առավելագույնի հասցնել միջավայրային հնարավորություններից օգտվելու հավանականությունը, -ասել է  Արայիկ Հարությունյանը:

- Ուստի, այս տևական ճգնաժամային ու անորոշ պայմաններում մեր գլխավոր անելիքը պետք է լինի մեր կյանքի բոլոր ոլորտներում կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի միջոցով բարձրացնել պետության բոլոր համակարգերի կառավարման արդյունավետության մակարդակը»:

ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, նշել է, որ նման ծրագրերը շարունակվելու են, և հաշվի են առնվելու  նաև մասնակիցների առաջարկները, որպեսզի դրանք իսկապես  օգտակար ու արդյունավետ լինեն նրանց համար: «Կարծում եմ, սա  նաև փորձի ու գիտելիքների փոխանակման լավ հնարավորություն է», - նշել է նա:

Ռուբեն Վարդանյանը  հանդես է եկել ելույթով՝ «Համայն հայության ռեսուրսների կոնսոլիդացումը՝ որպես Արցախի զարգացման շարժիչ ուժ» թեմայով՝ ներկայացնելով Արցախի զարգացման վերաբերյալ իր պատկերացումներն ու  գաղափարները:

«Մենք պետք է բաց խոսենք այն մասին, թե որտեղ ենք գտնվում և ինչ ուղղությամբ պետք է շարժվենք։ Խնդիրների մասին խոսելը քննադատություն չէ, այլ դրանք ճիշտ ախտորոշելու և լուծումներ գտնելու ուղղությամբ առաջ շարժվելու ցանկություն։ Ֆինանսական, քաղաքական, կառավարման ոլորտներում առկա խնդիրները մեզ պարզապես թույլ չեն տալիս շարունակել նախկինի պես, դրանք մեզնից ուրիշ՝ ավելի արդյունավետ մոտեցումներ են պահանջում,-ասել է պետնախարարը:

- Մենք դա պետք է կարողանանք անել, քանի որ ունենք մեկ ճանապարհ՝ մնալ, ապրել, արարել Արցախում և հավատալ մեր հաջողությանը»:

Ռուբեն Վարդանյանը պատասխանել է նաև  ծրագրի մասնակիցների հարցերին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին