Կարևոր իրադարձություններ

Տղամարդը ձերբակալվել է բժշկուհուն և անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

17 Նոյեմբեր, 2022 19:30
Տղամարդը ձերբակալվել է բժշկուհուն և անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 35-ամյա տղամարդու կողմից խուլիգանություն կատարելու և նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանում Երևանի 35-ամյա բնակիչը անհիմն վիճաբանել է նույն հիվանդանոցի բժշկուհու հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է նրա դեմքին:
Բացի այդ, հաջորդ օրը՝ ժամը 00:35-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը նշված հիվանդանոցի դիմաց իր ընկերների հետ վիճաբանել է նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցի հետ, որի ընթացքում մի քանի անգամ ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Երևանի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին