Կարևոր իրադարձություններ

Միանվագ աջակցություն՝ վիրավորում կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին

17 Նոյեմբեր, 2022 13:06
Միանվագ աջակցություն՝ վիրավորում կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին

Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում էր վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին աջակցություն տրամադրելու հարցը։

500 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն կտրամադրի 2022 թ-ի սեպտեմբերի 13-ից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին։

Աջակցությունը կտրամադրվի միանվագ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին։ Նախագծի նպատակներից է ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների ֆինանսական վիճակի բարելավումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք է պաշտպանության նախարարին սույն որոշումն ընդունվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, ներկայացնի 2022 թվականի սեպտեմբերի 13-ից սկսած՝ ադրբեջանական կողմի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած՝ բժշկական հաստատություններում, հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձանց ցուցակները՝ ըստ անհրաժեշտության պարբերաբար թարմացնելով տվյալները։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին