Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

«Աբովյան» ՔԿՀ-ի որոշ հատվածներում շենքային պայմանները գտնվել են ծայրահեղ անբավարար և սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում. ՄԻՊ

17 Նոյեմբեր, 2022 09:39
«Աբովյան» ՔԿՀ-ի որոշ հատվածներում շենքային պայմանները գտնվել են ծայրահեղ անբավարար և սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում. ՄԻՊ

Նոյեմբերի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրել են «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց, անչափահասների և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովման վերաբերյալ ՄԻՊ արտահերթ հրապարակային զեկույցը»։

Զեկույցի հիմքը եղել է 2022թ.-ի մարտին «Աբովյան» ՔԿՀ Պաշտպանի կողմից կատարած այցը, որին հաջորդել է հունիսի 13-ին չհայտարարված մոնիթորինգի այցը։

Ներկայացվել է, որ «Աբովյան» ՔԿՀ-ի որոշ հատվածներում շենքային պայմանները գտնվել են ծայրահեղ անբավարար և սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում:

««Աբովյան» քրեակատարողական հաստատությունում բացակայել են հղի կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված հատուկ խցերն ու կացարանները, հաստատության կողմից չեն ապահովվել նաև երեխաների առանձնահատկությամբ պայմանավորված պահման պայմանները։ Բոլոր խցերը չեն, որ կահավորված են եղել երեխայի խնամքի ու զարգացման առանձնահատուկ պահանջներին համապատասխան, օրինակ՝ խցերում բացակայել են երեխայի օրորոցը կամ մանկական մահճակալը, լոգանքի ու խնամքի այլ պայմանները»,- ասուլիսի ընթացքում ասել է Գրիգորյանը։

Նաև արձանագրվել է, որ ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժինն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, կան մի շարք բացթողումներ, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման գործընթացի կազմակերպման հարցում։

Ազատությունից զրկված անչափահաս անձինք և ՔԿՀ-ում ծնողների հետ բնակվող երեխաները զրկված են դեղորայքային միջամտություն պահանջող առաջին բժշկական օգնության պատշաճ կազմակերպման հնարավորությունից: ՄԻՊ-ն արձանագրել է նաև ՔԿՀ-ում պահվող ժամկետանց դեղորայք:

Արձանագրվել է, որ չեն պահպանվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ յուրաքանչյուր անգամ բուժում սկսելու կապակցությամբ վերջիններիս իրազեկված համաձայնության պատշաճ ստացումը և դրա իրականացման նկատմամբ հսկողությունը:

Ներկայացվել է, որ բացթողումներ են արձանագրվել սննդի կազմակերպման, լոգանքի և անձնական հիգիենայի, լվացքի, զբոսանքի և զբաղվածության ապահովման, կարճատև և երկարատև տեսակցությունների, արտաքին աշխարհի հետ կապի կազմակերպման հարցերում։ Արձանագրվել է, որ մեծահասակներին տրվող սնունդը գրեթե նույն պարբերականությամբ ու բաղադրությամբ տրվում է նաև մինչև երեք տարեկան երեխաներին. «Միայն մեկ երեխայի դեպքում է նշանակված եղել մանկական սնունդ, այն էլ իրականացվել է՝ նորմատիվներին անհամապատասխան»,- նշել է Պաշտպանը։

Ինչ վերաբերում է լոգանքը կազմակերպելուն` Գրիգորյանը նշել է, որ խցային պայմաններում չկան երեխաների լոգանքը կազմակերպելու համար։ Այն ապահովվում է ընդհանուր կարգով. «Երեխաների լոգանքը կազմակերպվում է մեծահասակների հետ նույն պայմաններում, ինչն անընդունելի է։ Գործնականում կանայք իրենց սենյակներում փոքրիկ թեյնիկներով փորձում են ապահովել երեխայի լոգանքի հնարավոր պայմանները, ինչը շարունակում է խնդրահարույց լինել»։

Առանձին անդրադարձ է կատարվել նաև ազատությունից զրկված օտարերկրացի անձանց իրավունքների ապահովմանը։ Այս անձանց համար լեզվական խոչընդոտը ու գործնականում թարգմանության ծառայությունների բացակայությունը վերջիններիս պատժի կրման պայմաններում դարձնում են ծայրահեղ խոցելի: 

Նաև մտահոգիչ է «Աբովյան» քրեակատարողական հաստատությունում ծառայողների սեռային բաշխվածությունը։ Ընդհանուր 135 աշխատակիցներին ընդամենը 36-ն են կին, այդ կանանցից 13-ը քաղաքացիական ծառայողներ են. «Հատկապես պահվող կանանց մեծամասնության պայմաններում սա համարվում է ոչ լավ պրակտիկա և չի օգնում ծառայության արդյունավետ իրականացմանը։

Այցի արդյունքների ամփոփումից հետո Պաշտպանի հաստատությունը հանդես է եկել թվով 66 կոնկրետ առաջարկներով՝ արձանագրված խնդիրների լուծման համար։ Քննարկումներ եղել են պետական մարմինների հետ. «Մեր այցից հետո Արդարադատության նախարարությունը մեզ տեղեկացրել է, որ լայնամասշտաբ վերանորոգումներ են սկսել քրեակատարողական հիմնարկում։ Ինքս հոկտեմբերին այցելել եմ, տեսել եմ, որ վերանորոգումն իրականացվում է, բայց պահման պայմանների մեջ վերանորոգումը կամ ֆիզիկական աղքատիկ պայմանները խնդիրների շատ փոքր մասն են։ Պահման պայմանները ենթադրում են այն ամբողջ կոմպլեքսը, որի վերաբերյալ մենք 66 առաջարկություն ենք ներկայացրել»,-ասել է Գրիգորյանը։

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին