Կարևոր իրադարձություններ

Փետրվարի 1-ից կենսաթոշակն ու նպաստն անկանխիկ եղանակով վճարվելու են միայն բանկերի միջոցով

16 Նոյեմբեր, 2022 11:12
Փետրվարի 1-ից կենսաթոշակն ու նպաստն անկանխիկ եղանակով վճարվելու են միայն բանկերի միջոցով

Գործադիրն առաջարկում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումները 2023 թ. hունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ.` մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունեց Ազգային ժողովը: 

Նախագծի ընդունումը պայմանավորված է ընտանեկան, սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարման գործընթացի բարելավման և պետական բյուջեի միջոցների ծախսերի նվազեցման, ինչպես նաև կենսաթոշակների, նպաստների ու պետության կողմից վճարվող այլ գումարների համար հատուկ նպատակով բացված սոցիալական էլեկտրոնային փողի հաշվին միջոցները կանխիկացնելու հնարավորության դադարեցման անհրաժեշտությամբ: Սոցիալական էլեկտրոնային փողերին վերաբերող կանխիկացման բացառությունները գործելու են մինչև 2023 թ. փետրվարի 1-ը:

2021 թ. հուլիսի 1-ից կենսաթոշակների և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող այլ դրամական վճարները բացառապես անկանխիկ եղանակով են վճարվում: Գործադիրը նպատակահարմար է համարում այս համակարգը ներդնել նաև ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին