Կարևոր իրադարձություններ

Որոշ ընտանեկան գործերով առաջարկվում է ներդնել պարտադիր հաշտարարություն

15 Նոյեմբեր, 2022 16:15
Որոշ ընտանեկան գործերով առաջարկվում է ներդնել պարտադիր հաշտարարություն

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր Ազգային ժողովին է ներկայացրել «Հաշտարարության մասին» օրենքում, ինչպես նաև հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ իրականացնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխության փաթեթը, որը միտված է ՀՀ-ում հաշտարարության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

Նախագծերի փաթեթով որոշ ընտանեկան գործերով առաջարկվում է ներդնել պարտադիր հաշտարարություն, նախատեսել առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն, սահմանել հաշտարարի թեկնածուի ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգ և հաշտարարների որակավորման գործընթացի կատարելագործմանն ուղղված իրավակարգավորումներ, հստակեցվում են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները, վերջիններիս լիազորությունները, նախատեսվում են հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթները, հիմքերը, կարգապահական վարույթի առանձնահատկությունները:

Նշենք, որ օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին: Մասնավորապես, հստակեցվել է պարտադիր հաշտարարության ենթակա ընտանեկան գործերի շրջանակը, հաշտարարի կողմից հաշտարարություն իրականացնելուց հրաժարվելու հնարավորությունը, անցումային դրույթներում նախատեսվել է կարգավորում, ըստ որի՝ պարտադիր հաշտարարության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնելու, երբ ընտանեկան գործերով հաշտարարություն իրականացնող հաշտարարների ցանկը համալրված կլինի 15 հաշտարարով, սակայն ոչ շուտ քան պաշտոնական հրապարակումից հետո մեկ տարի անց:

 

Լրահոս

Դիտել ավելին