Կարևոր իրադարձություններ

Պարտավոր ենք ապահովել Արցախում ապրող երեխաների անվտանգությունը. Ռուբեն Վարդանյան

15 Նոյեմբեր, 2022 12:56
Պարտավոր ենք ապահովել Արցախում ապրող երեխաների անվտանգությունը. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլյա Ֆլյորիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմից:

Ռուբեն Վարդանյանն ընդգծել է Արցախում ԿԽՄԿ առաքելության կարևոր գործունեությունը հատկապես հետպատերազմյան շրջանում՝ ինչպես մարդասիրական աշխատանքների, այնպես էլ բնակչության աջակցության տարբեր ծրագրերի իրականացման առումով:

Նիկոլյա Ֆլյորին տեղեկություններ է ներկայացրել այս տարվա ընթացքում կատարված և ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև բնակչության խոցելի խմբերին ուղղված սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի մասին: Քննարկվել են հետագա համագործակցության, ծրագրերի իրականացման շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Ռուբեն Վարդանյանը պատվիրակության ուշադրությունն է հրավիրել նաև օրեր առաջ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցած միջադեպերի վրա, երբ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ էին արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Զրուցակիցներն առաջնային են համարել բնակչության բոլոր խմբերի անվտանգության ապահովումը:

«Արցախում շուրջ 30 հազար երեխա է ապրում, մենք պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունն ու խաղաղ մանկությունը»,-ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին