Կարևոր իրադարձություններ

Միջազգային հանրությունը հաշվի է նստում միայն պայքարող պետությունների հետ. «Փաստ»

15 Նոյեմբեր, 2022 09:29
Միջազգային հանրությունը հաշվի է նստում միայն պայքարող պետությունների հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխարհում բազմաթիվ հակամարտություններ կան, որոնք պատմական, էթնիկ և կրոնական բնույթ ունեն։ Ընդ որում, դրանցից շատերը մինչ օրս շարունակում են մնալ չլուծված։ Եվ հատկանշական է, որ չնայած դրանց բնույթը տարբեր մեկնաբանությունների է արժանանում, բայց այդ հակամարտություններում ներառված պետությունները, որպես կանոն, ամեն կերպ փորձում են պաշտպանել իրենց շահերը մինչև վերջ։ Օրինակ՝ 1974 թվականի հուլիսի 20-ին Թուրքիան ներխուժեց Կիպրոս կղզի և օկուպացրեց Հյուսիսային Կիպրոսը։ Արդյունքում թուրքական ուժերը Հյուսիսային Կիպրոսից տարհանեցին հարյուր հազարավոր հույների և այն բնակեցրին թուրքերով, իսկ արդեն 1983 թվականին այստեղ հռչակեցին, այսպես կոչված, «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։

Եվ մինչև այժմ ոչ մի պետություն, բացի Թուրքիայից, չի ճանաչել այդ երկրի անկախությունը։ Բայց Անկարան դեմ է գնում ամբողջ աշխարհի կարծիքին և շարունակում է ամեն կերպ աջակցել Հյուսիսային Կիպրոսին։ Ավելին՝ Թուրքիան փորձում է իր ազդեցության տակ հայտնված երկրներին ևս քայլեր պարտադրել Հյուսիսային Կիպրոսի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ Եվ պատահական չէ, որ օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ժեստ արեց՝ հանդիպելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարի հետ: Իսկ վերջերս էլ Հյուսիսային Կիպրոսին Թուրքական պետությունների կազմակերպությունում անգամ դիտորդի կարգավիճակ շնորհեցին։

Կարող էին, չէ՞, Անկարայում այնպիսի մոտեցում որգեդրել, թե միջազգային հանրությունը չի ճանաչում Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, ուրեմն իմաստ չկա պայքարելու։ Բայց հակառակն են անում՝ առաջ շարժվելով ոչ թե միջազգային հանրության օրակարգով, այլ Կիպրոսի թուրքական բնակչության շահերի պաշտպանության անվան տակ միջազգային հանրությանը թելադրելով իրենց օրակարգը։ Հետաքրքիրն այն է, որ նույն Թուրքիան ու Ադրբեջանը մեկ այլ հակամարտության դեպքում տրամագծորեն հակառակ դիրքորոշում են որդեգրում՝ փորձելով հասնել նրան, որ Հայաստանը հանդես չգա արցախահայության շահերի պաշտպանությամբ և ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս։ Անկարային և Բաքվին անհանգստացնում է այն, որ Հայաստանը տարիներ շարունակ պայքարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման համար, դրա համար էլ Արցախը կայացած պետական ինստիտուտներ ունի, որոնք գործում են»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին