Կարևոր իրադարձություններ

Ասում էր՝ մա՛մ ջան, ես եմ գալու քո մոտ. չթողեցին. ընտանիքը չգիտի` Արթուրն ինչպես ու երբ է կյանքից հեռացել. «Փաստ»

15 Նոյեմբեր, 2022 09:10
Ասում էր՝ մա՛մ ջան, ես եմ գալու քո մոտ. չթողեցին. ընտանիքը չգիտի` Արթուրն ինչպես ու երբ է կյանքից հեռացել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Երբ Արթուրն իրեն հաճելի շրջապատում էր հայտնվում, աշխույժ էր, կատակասեր: Ցանկացած միջավայրում գիտեր՝ իրեն ինչպես պետք է պահեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աշխենը՝ 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Ասատրյանի մայրիկը: Նա Արթուրին ավելի հասուն տարիքում է լույս աշխարհ բերել, մեծ քույրիկը եղբորից մեծ է ինը տարով:

«Իմ զգացողություններն այլ էին, չեմ զգացել նաև, թե ինչպես է մեծացել: Երբեք չեմ ասել, թե խանութում, բակում կամ էլ այլ միջավայրում իրեն ինչպես պահի, կարծես այդպիսին էր ինքը ծնվել՝ զուսպ, հավաք, կազմակերպված: Երբեմն հայրիկն ասում էր՝ շատ խեղճ է: Բայց իրականում խեղճ չէր: Անգամ ուսուցչուհին մի անգամ ասաց՝ Արթուրը սեփական սահմանն ու կանոններն ունի, ով խախտում է դրանք, լավ չի լինում: Հասկացա՝ բնավորություն ունի»,-նշում է զրուցակիցս:

«Իսկ նկարները տեսե՞լ եք»,-հարցնում է Արթուրի մայրիկը: Դրական պատասխանից հետո արձագանքում՝«իմ գեղեցկադեմ տղան է»: «Իրեն միշտ ասել եմ՝ երբեք չհպարտանաս, որ արտաքնապես գեղեցիկ ես, կարևորը քո ներքին գեղեցկությունն է: Չէի պատկերացնի, որ իմ այս խոսքերը տպավորված կլինեին Արթուրիս մեջ: Իր բանակային ընկերը նրա զոհվելուց միայն մեկ տարի հետո մեր տուն եկավ, երևի չէր կարողանում գալ, տրամադրվել: Պատմեց, որ իմ խոսքերն Արթուրիս համար նշանաբանի պես են եղել: Այնպես չէ, որ որդուս չեմ ճանաչել, բայց բաներ կան, որ հիմա եմ բացահայտում: Իրեն միշտ ասում էի՝ անչափ հպարտ եմ, երբ փողոցում քո կողքով քայլում եմ»,-հավելում է տիկին Աշխենը:

Դպրոցում Արթուրը գերազանց է սովորել, ավագ դպրոցի տարիներին հաճախել է «Փոքրիկ Իշխան» կրթահամալիր, մայրիկն էլ նույն դպրոցում ուսուցչուհի է: «Դպրոցում անցկացվող որևէ միջոցառումից անմասն չէր մնում, թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում ցանկացած միջոցառման ժամանակ արքայազն էր, նաև կազմակերպչական ջիղ ուներ: Չորս տարեկանից հաճախել էր Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց, հինգ տարեկանում արդեն Հայաստանի չեմպիոն էր: Իրեն միշտ մեծի պես էր պահում, երբեք չէր դժգոհում ու բողոքում որևէ դժվարությունից: Անում էր իրենից պահանջվող ցանկացած բան: Հետաքրքիր մի զգացողություն էր. երբ ավագ դպրոցում էր սովորում, սկզբում բոլորն ասում էին՝ ինչ սիրուն տղա ունես, մեկ ամիս հետո՝ ինչ խելացի տղա ունես: Սովորելու տարիներին օր չի եղել, որ չմոտենային ու գովեստի խոսքեր չասեին: Երբեմն անգամ միջնեկ աղջկաս ասում էի՝ այնքան են գովում, վախենում եմ աչքով տան»,-վերհիշում է նա:

Չնայած տարիքային տարբերությանը, Արթուրը յուրահատուկ կապ է ունեցել քույրիկների հետ՝ ջերմությունն ու ծիծաղն անպակաս էր իրենցից. «Խորհուրդներ կարող էր տալ ինձ ու քույրերին, ամեն մեկի հետ յուրովի էր շփվում, արդեն հստակ գիտեր, թե ինչ է ուզում: Ամեն տեղ լույս էր տալիս, մեր լուսավոր տղան էր» : Արթուրը 2019 թ.-ին է զորակոչվել բանակ և ծառայության ժամանակ իմացել, որ արդեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է, չի հասցրել գեթ մեկ օր ուսանողական կյանքը վայելել: Քննությունները հանձնելուց մեկ շաբաթ հետո կանչել են զինկոմիսարիատ: Մայրիկն է Գյումրիում ծառայող որդուն հայտնել ուրախալի լուրը՝ ընդունվել ես: Վերհիշում է՝ «Հայոց լեզու», «Անգլերեն» և «Մաթեմատիկա» էր պարապում:

«Մաթեմատիկան ես էի պարապում, այդ տարի իր տարիքի դիմորդ չունեի: Շաբաթվա մեջ երեք օրվա փոխարեն մեկ օր էինք պարապում, ամեն անգամ մի բան խանգարում էր: Ասում էի՝ ինձ խայտառակ ես անելու»,-տիկին Աշխենի՝ հուզմունքից թռթռացող ձայնի մեջ ժպիտի թույլ նշույլներ եմ որսում, իսկ նա շարունակում է. «Ասաց՝ մա՛մ, ի՞նչ միավոր ստանամ, որ քեզ վատ չզգաս: Պատասխանեցի՝ գոնե 12 պիտի ստանաս: Արձագանքեց՝ դու ինչքա՞ն կուզես ստանամ: Քանի որ սիստեմատիկ չէինք պարապել, ասացի՝ գոնե 14 միավոր հավաքեիր: Այդ միավորն էլ ստացավ»,-ասում է մայրիկը և ափսոսում՝ որդին չհասցրեց հասկանալ, որ ավարտել է դպրոցը, ընդունվել համալսարան, ոչինչ չհասցրեց... Արթուրը հակատանկային դասակում էր ծառայում, սերժանտ էր, ֆագոտի հաշվարկի պատասխանատու»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին