Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանն այցելել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի ընտանիքին (տեսանյութ)

14 Նոյեմբեր, 2022 19:43
Աննա Հակոբյանն այցելել է 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի ընտանիքին (տեսանյութ)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է 44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի ընտանիքին:

Վարչապետի տիկնոջը դիմավորել են Տարոնի հայրը` Հարությունը, ու եղբայրը` Վահեն: Տարոն Անդրեասյանը հայտնի տեսանյութի տղան է, որտեղ նա միայնակ կանգնած է մի քանի տասնյակ ադրբեջանցիների առաջ, որոնք Տարոնին հորդորում էին գերի հանձնվել, խոստանում չվնասել ու երրորդ երկիր փոխանցել:

Սակայն Տարոնն այլ որոշում է կայացրել. պարզել է ինքնաձիգը, կրակել մինչև վերջին շունչը ու սպանվել: Տարոն Անդրեասյանը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ 26 տարեկան էր: 5 տարուց ավելի ապրել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում:

Հայաստան էր վերադարձել հոկտեմբերի 5-ին՝ պատերազմը սկսվելուն պես և շտապել կամավորագրվել՝ Հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար։ Տարոնին, իր շտապողականությանը հակառակ, միայն հոկտեմբերի 19-ին է հաջողվել համազգեստ հագնել, 2 օր անց արդեն Արցախում է եղել` դասակի հրամանատարի պաշտոնով:

Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր:

Աննա Հակոբյանի խնդրանքով Տարոնի հայրը պատմել է որդու հետ ունեցած վերջին հեռախոսազանգի մասին։

Հարությունը տղայի հետ վերջին անգամ հոկտեմբերի 26-ին է խոսել: Տարոնն ասել է, որ շրջափակման մեջ է հայտնվել: Հորն ասած վերջին խոսքերն են եղել, որ ինքը ոչ մի պարագայում գերի չի ընկնի և ինքն իրեն կպայթեցնի։

Հարությունի ունեցած տվյալներով՝ դեպքերը Քաշունիքում են եղել (Սանասար): Տարոնի հետ ևս մեկ տղա է եղել, սակայն հակառակորդի կրակից թաքնվելու ընթացքում կորցրել են իրար: Տարոնի վաշտը նահանջել է, բայց նա որոշել է մնալ ու շարունակել իր պայքարը:

Հայրը մտածում է, որ տեսանյութը հոկտեմբերի 27-ին է նկարահանված, իրեն հասած տեղեկություններով՝ 4 ադրբեջանցու է սպանել։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Տարոնի ծնողներին, որ կարողացել են նման տղա դաստիարակել, ում գործած սխրանքն անգնահատելի է։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին