Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405
    423

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

Քահանայական ձեռնադրություն է կատարվել (լուսանկարներ)

13 Նոյեմբեր, 2022 22:15
Քահանայական ձեռնադրություն է կատարվել (լուսանկարներ)

Նոյեմբերի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մասյացոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում (ք. Արտաշատ) հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող հինգ սարկավագներ: Սուրբ Պատարագի ընթացքում Բագրատ Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

Բարեշնորհ Լևոն սարկավագ Հակոբյանը վերակոչվեց Տեր Հարություն քահանա, Արսեն սարկավագ Սարգսյանը՝ Տեր Վահրամ քահանա, Շավարշ սարկավագ Այվազյանը՝ Տեր Նարեկ քահանա, Դավիթ սարկավագ Գիշչյանը՝ Տեր Դավիթ քահանա, Մինաս սարկավագ Կարապետյանը՝ Տեր Աբգար քահանա։ Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայական ծառայության կարևորությանը և դիմելով նորաօծ հայրերին՝ նշեց. «Դուք կոչված եք գործելու անանձնական կերպով, դուք ապրելու եք ոչ թե ձեր սեփական ուրախությունը, այլ անանձնական ուրախությունը բոլոր նրանց, ովքեր հանձնված կլինեն ձեր խնամքին: Դուք կոչված եք լինելու վշտի մեջ գտնվողին վշտակցել, սգի մեջ գտնվողի հետ սգալ, չլսողին խոսք փոխանցել, մոլոր ճանապարհի մեջ գտնվողին ճշմարիտ ուղին ցույց տալ, սիրտ սրտի ապրել բոլորի հետ ոչ թե որպես օտար, այլ սեփական քո ժողովուրդը լինելու զգացումով և հարատև աղոթքի մեջ լինել ամենքի համար»:

Բագրատ Սրբազանը, անդրադարձ կատարելով հոգևորականի ծառայության դժվարություններին, հորդորեց քահանա հայրերին իրենց կյանքի ճանապարհին հանդիպող փորձության քարերը դարձնել արդարության պտուղներ՝ լցվելով ու առատանալով աստվածային սիրո մեջ:
Իր քարոզում Բագրատ եպիսկոպոսը հայտնեց նաև, որ քահանա հայրերին անվանակոչել է 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների անուններով:

Նույն օրը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին Մայր Տաճարում, ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, առաջին անգամ կատարվեց քահանայական ձեռնադրություն։ Քահանայության աստիճանի արժանացավ ՊԲ գնդերեց և Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն բարեշնորհ Գոռ սարկավագ Գյուրջյանը, ով վերակոչվեց Տեր Վաչագան քահանա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո նորընծա քահանաները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին