Կարևոր իրադարձություններ

Ես նոր մարդ որտեղի՞ց գտնեմ, ասեք՝ գտնեմ. բազմաթիվ մարդկանց առաջարկել եմ գալ, ելույթ ունենալ, չեն եկել. «Հրապարակ»

12 Նոյեմբեր, 2022 09:30
Ես նոր մարդ որտեղի՞ց գտնեմ, ասեք՝ գտնեմ. բազմաթիվ մարդկանց առաջարկել եմ գալ, ելույթ ունենալ, չեն եկել. «Հրապարակ»

Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը Երեւանում նոյեմբերի 5-ին ընդդիմության կազմակերպած հանրահավաքը համարում է Ստեփանակերտում հոկտեմբերի 30-ին կայացած հանրահավաքի շարունակությունը, որով իրենք արձանագրեցին, որ «մենք Արցախի կողքին ենք եւ տեր ենք մեր հայրենիքին»։ 

Ճիշտ է՝ Երեւանի հանրահավաքը զիջում էր Ստեփանակրտի հավաքին՝ իր էներգետիկայով ու բազմաքանակությամբ։

«Երկար ընդմիջումից հետո այդ օրակարգով հանրահավաքն այդ նպատակն ուներ։ Եվ էն կեղծ թվերը, որ 4-5 հազար մարդ է եղել, բացարձակ իրականությանը չի համապատասխանում, իմ գնահատմամբ՝ 12-15 հազար քաղաքացի է ներկա եղել հանրահավաքին։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ է հանրահավաքը։ Հանրահավաքը ժողովրդի հանրային կամքը դրսեւորելու ձեւ է, հանրահավաքը միջոց է՝ մարդկանց տեսակետը հանրային կերպով արտահայտելու։

Հիմա ասում են՝ հանրահավաք արեցիք՝ իշխանափոխություն չեղավ, գործողություն չարեցիք։ Ինձ հետաքրքիր է՝ հաճախ մարդիկ որ էդպիսի բաներ են ասում, երբ որ մայիս ամսին գործողություն էինք անում, մարդկանց ձերբակալում էին, բերման էին ենթարկում, բանտարկում էին, ծեծում էին, շենքեր ու փողոցներ էինք շրջափակում, էդ ասողներից, օրինակ, քանի՞սն է ձերբակալվել, բերման ենթարկվել։ Հիմա ես ասում եմ՝ էս հրապարակի մարդիկ իրոք մեր ազգային արժանապատվությունը պահողներն են, մեր հույսն ու լույսն են, այսինքն՝ հիասթափեցնել էս մարդկանց, կոտրել, որ որեւէ բան չլինի, ճիշտ չեմ համարում»,- մեզ հետ զրույցում հանրահավաքի էությունը բացատրեց Իշխան Սաղաթելյանը։

- Այդ օրը ես էլ եմ նկատել հիասթափություն հանրահավաքի մասնակիցների մոտ, որոնք ոչ թե սպասում էին, որ նույն օրը պետք է Նիկոլը հեռանար, այլ ասում էին՝ էլի նույն մարդիկ են խոսում, նույն տեքստերն են, նույն լոզունգները, նույն արձանագրումները, նույն հռետորաբանությունը։

- Ես նոր մարդ որտեղի՞ց գտնեմ, ասեք՝ գտնեմ։ Հիմա ես ասում եմ, որ բազմաթիվ մարդկանց առաջարկել եմ՝ գալ հանրահավաքին ելույթ ունենալ, չեն եկել։

- Ո՞ւմ, օրինակ։ Եկեք անկեղծ խոսենք, որ հասկանանք նաեւ՝ ովքեր են մերժողները, ովքեր են տուն ուղարկողները, ովքեր են խոչընդոտողները։

- Ես միշտ էդ հարցերից չեմ խոսում, որովհետեւ իմ նպատակը դա չէ։ Մեր նպատակն էս պայքարի շուրջ որքան հնարավոր է համախմբում անելն է, սա մի ուժի, մի անհատի գործ չէ, պետք է ուժերը կենտրոնացնել ու սրանցից ազատվել։ Եթե սկսեմ անուններ տալ, կարող է իմ անձնական տեսակետից լավ լինի, բայց ընդհանուր ընդդիմադիր դաշտին չի օգնի։

- Ձեր ասուլիսի ժամանակ ասացիք, որ լավ գիտեք, թե ովքեր են տուն ուղարկողները, նկատի ունեիք, հավանաբար, սեպտեմբերի 14-ի հավաքը։ Ովքե՞ր էին՝ կասե՞ք։ Ձեր գործընկեր Արթուր Խաչատրյանն ուղիղ հասկացրեց, որ խոսքն Էդգար Ղազարյանի եւ Կարին Տոնոյանի մասին է։

- Ես հիմա, անկեղծ, չեմ ուզում էդ հարցերին անդրադառնալ։ Ես ընդամենը հետեւյալն եմ ասում, որ մեր հարթակը բաց է եղել հանրային գործիչների համար, եւ Դուք տեսաք, որ շատ կարեւոր էր Սրբազանի ելույթը, եւ շատ խորհրդանշական էր Գուրգեն Մելիքյանի՝ հայտարարության տեքստ կարդալը։ Ես առաջարկել եմ Ձեզ հայտնի շատ անուններին, որ գան ոչ թե միանան մեզ, ոչ թե միանան շարժմանը, ոչ թե համախմբվեն մեր շուրջը, այլ Արցախին նվիրված հանրահավաքին ելույթ ունենան, բայց էդ մարդիկ չեն եկել՝ տարբեր պատճառներով։ Հիմա ինձնից որ անընդհատ պահանջում են նոր մարդ, ես որտեղի՞ց բերեմ էդ նոր մարդուն։

- Գուցե Ձե՞զ են ուզում փոխել, պարոն Սաղաթելյան, օրինակ՝ թող ընկեր Իշխանը գնա, մեկ ուրիշ ընկեր փոխարենը գա կամ մեկ այլ քաղաքական ուժ։ Գուցե մարդիկ Ձե՞զ չեն ուզում տեսնել հարթակում, հոգնել են Ձեր ելույթներից, Ձեզ են մեղադրում, որ սայլը տեղից չի շարժվում։

- Տեսեք, եթե կա մեկը, որ ուզում է մի բան անել, թող գնա անի։ Մենք իրեն միայն կօգնենք, կաջակցենք։ Եթե որեւէ մեկը չի անում, ու ես անում եմ, իմ կուսակցությունը, էսօրվա խորհրդարանական խմբակցություններն անում են՝ պետք չէ իրենց քննադատել անելու համար։ Պետք է քննադատել նրանց, ովքեր չեն անում»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին