Կարևոր իրադարձություններ

Ցանկացած ոլորտում կամավորական գործունեություն ծավալելով կարող ենք մեր ներդրումն ունենալ՝ ի նպաստ մեր պետության վաղվա օրվա. ԿԳՄՍ փոխնախարար

11 Նոյեմբեր, 2022 22:30
Ցանկացած ոլորտում կամավորական գործունեություն ծավալելով կարող ենք մեր ներդրումն ունենալ՝ ի նպաստ մեր պետության վաղվա օրվա. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնն իրականացրել է «Երիտասարդ կամավորներ» դասընթացների և խորհրդատվության անցկացման ծրագիրը՝ խթանելու երիտասարդական աշխատանքն ու կամավորությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Այսօր տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ա. Մարտիրոսյանը ողջունել է երիտասարդներին և անդրադարձել երիտասարդության քաղաքականության ոլորտում գերատեսչության իրականացրած ծրագրերին՝ մատնանշելով դրանց կարևորությունը ոլորտի կայացման գործում:

«Պետության, համայնքի, միջավայրի իրականությունը փոխակերպելու համար շատ ջանքեր են պահանջվում, իսկ կամավորությունը, վստա՛հ եղեք, ճանապարհներից մեկն է: Ցանկացած ոլորտում կամավորական գործունեություն ծավալելով, պատասխանատու և սրտացավ քաղաքացի լինելով՝ կարող ենք մեր ներդրումն ունենալ՝ ի նպաստ մեր համայնքի, մարզի, պետության վաղվա օրվա»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

«Երիտասարդ կամավորներ» ծրագիրը նախատեսված է Երևանի և մարզերի 16-35 տարեկան այն երիտասարդների համար, որոնք ցանկանում են զբաղվել երիտասարդական աշխատանքով, կամավորությամբ:

Ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել 127 երիտասարդ, որոնցից մոտիվացիոն նամակների և հարցազրույցների հիման վրա ընտրվել են 34-ը՝ թե՛ Երևանից, թե՛ մարզերից, թե՛ Արցախից: Դասընթացներն իրականացվել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ 30 ժամ տևողությամբ։ Դրանց 40 %-ն ուղղված էր կամավորությանը, իսկ 60-ը՝ փափուկ հմտությունների զարգացմանը։

Երիտասարդներն ընձեռած հնարավորության համար շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը և ծրագիրն իրականացրած կազմակերպությանը: Նրանք նշել են, որ կշարունակեն զբաղվել կամավորությամբ և կիրառել ձեռք բերած հմտությունները:

Դասընթացները բաղկացած են եղել և՛ տեսական, և՛ գործնական հանդիպումներից։ Մասնակիցները, բացի տեսական գիտելիքից, ձեռք են բերել պրակտիկ հմտություններ, սովորել են տիրապետել այնպիսի գործիքների և հմտությունների, որոնք կարևոր են իրավագիտակից քաղաքացի լինելու և աշխատանքային շուկա մուտք գործելու համար։

Մասնակիցներն այցելել են մի շարք կազմակերպություններ, ծանոթացել առկա կամավորական աշխատանքների հնարավորություններին, իրականացրել փորձի փոխանակում երկարամյա փորձառություն ունեցող կամավորականների հետ։ Նրանք ձեռք բերած գիտելիքների և հմտությունների հիման վրա ներգրավվել են տարբեր ընկերություններում առկա կամավորական աշխատանքներում:

Ամփոփիչ միջոցառումն ուղեկցվել է կամավորական գործունությանը նվիրված պանելային քննարկմամբ: Երիտասարդներին հանձնվել են հավաստագրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին