Կարևոր իրադարձություններ

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ և Կիպրոսի ՇՄ նախարարությունների միջև

11 Նոյեմբեր, 2022 22:00
Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ և Կիպրոսի ՇՄ նախարարությունների միջև

COP-27-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ի մամուլի ծառայությունից։

 
Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում (Շարմ Էլ Շեյխ) գտնվող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի նախարար Կոստաս Կադիսը փոխըմռնման հուշագիր են ստորագրել։
 
Կողմերը կնքել են սույն հուշագիրը՝ գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ճիշտ օգտագործման վրա ուշադրություն գրավելու կարևորությունը և ակնկալելով հետագայում զարգացնել համագործակցությունը երկու պետությունների միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։
 
Համաձայն հուշագրի կողմերի համագործակցությունը լինելու է հետևյալ ոլորտներում՝
 
✅ կենսաբազմազանություն և բնական ռեսուրսների կայուն օգտագործում,
✅ կլիմայի փոփոխություն,
✅ ջրային ռեսուրսների կառավարում,
✅ թափոնների և վտանգավոր նյութերի կառավարում,
✅ անտառների կայուն կառավարում,
✅ բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարում,
✅շրջակա միջավայրի մոնիթորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործում:

 

Կողմերը կգործադրեն առավելագույն ջանքեր՝ նպաստելու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցային նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ համաձայն երկու պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների ու նորմերի:

 

Լրահոս

Դիտել ավելին