Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը (տեսանյութ)

11 Նոյեմբեր, 2022 19:44
Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են  հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը (տեսանյութ)

Նոյեմբերի 11-ին Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր: 

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջաի միջև սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը: 

Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետևանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։ 

Երկուստեք կարևորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության և կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին