Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

Նախադպրոցական 1-ին հաստատությունը՝ եզդիաբնակ Ֆերիկ համայնքում

11 Նոյեմբեր, 2022 19:28
Նախադպրոցական 1-ին հաստատությունը՝ եզդիաբնակ Ֆերիկ համայնքում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:

Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձևավորելու համար 2021 թվականից մեկնարկած պետական ծրագրով բյուջեից տրամադրվում է դրամաշնորհ: Նպատակը նախադպրոցական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելն է՝ նպաստելով երեխաների՝ վաղ տարիքում զարգացմանը և կարողությունների ընդլայնմանը: Դրամաշնորհային մրցույթի կարևոր նախապայմաններից մեկը ստեղծված ենթակառուցվածքների պահպանումն ու նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովումն է, որը պետք է իրականացնեն համայնքները:

Ֆերիկ համայնքը դրամաշնորհի համար դիմած 10 բնակավայրերից մեկն է, այստեղ արդեն հիմնված նախակրթարանում ձևավորվել է խումբ, որտեղ հաճախում են համայնքի՝ 4-5 տարեկան բոլոր երեխաները: Ուսումնական պլանն ամբողջովին իրականացվում է՝ համաձայն նախադպրոցական կրթության պետական ծրագրի:

Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը. «Կառավարության ծրագրով բոլոր բնակավայրերի երեխաների համար նախադպրոցական ծառայությունները հասանելի դարձնելու խնդիր ենք դրել: Ֆերիկում նախադպրոցական հաստատություն երբեք չի եղել: Ուրախ եմ, որ արդեն տեղում հնարավոր է կազմակերպել այս կրթությունը, որը շատ կարևոր է երեխաների հետագա զարգացման համար: Հուսով եմ՝ երեխաների թիվն էլ տարեցտարի կավելանա»:

Նա նաև նշել է, որ ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնելով առնվազն 70 տոկոսի:

Նախակրթարանի հիմնումը կարևորել է նաև հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Ֆարֆարյանը. «Առաջին անգամ դպրոց հաճախող երեխաները հիմնականում չէին կարողանում հայերեն խոսել և հաղորդակցվել, իսկ դա խանգարում էր տարբեր առարկաների ուսուցմանը: Նախակրթարանի հիմնմամբ այդ խնդիրն այսօր լուծվում է, քանի որ այնտեղ դասընթացներն իրականացվում են հայերենով»:

Ֆարֆարյանի խոսքով՝ այս պահին հիմնական դպրոցում և նախակրթարանում իրականացվում են ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները, ավարտվել է ջրամատակարարման ապահովումը, շուտով արդեն կվերանորոգվի և կկահավորվի ճաշարանը, որտեղ հունվարից կիրականացվի տարրական դասարաններում տաք սննդի ապահովման պետական ծրագիրը:

«Կատարված աշխատանքներից հետո դպրոցի առաջնային խնդիրը մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի բացակայությունն է: Ամեն դեպքում, ունենք վստահություն, որ բոլոր խնդիրներն էլ ժամանակի ընթացքում լուծվելու են»,- նշում է դպրոցի տնօրենը:

Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել Ֆերիկի հիմնական դպրոցում, հետևել տարբեր դասարաններում իրականացվող ուսումնական պրոցեսին, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ: Նախարարի տեղակալը կարևորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերի նկատմամբ պետական հոգածությունը՝ շեշտելով մայրենի լեզվի ուսուցանման արդյունավետության բարելավումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պետությունը շարունակաբար խրախուսում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների լեզվի իմացությունը՝ պետական հանրակրթական դպրոցներում ապահովելով համապատասխան կրթություն. «Եզդիերենը, ասորերենը, քրդերենն այսօր դասավանդվում են այն համայնքային դպրոցներում, որտեղ համապատասխան բնակչություն կա: Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, հանրակրթության պետական չափորոշչում հստակ ամրագրված է՝ ազգային փոքրամասնություների մայրենի լեզուն ուսումնական պլանի մաս է կազմում: Մենք նաև պետական բյուջեի միջոցներով ամեն տարի տպագրում ենք անհրաժեշտ դասագրքերն ու դրանք անվճար տրամադրում դպրոցներին: Այս տարվանից ազգային փոքրամասնությունների լեզուն և գրականությունը դասավանդող ուսուցիչները հնարավորություն ունեն մասնակցելու կամավոր ատեստավորմանը և օգտվելու սահմանված հավելավճարներից»:

Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել են, որ Ֆերիկի հիմնական դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ռուստամ Հասոյանը մասնակցել է կամավոր ատեստավորմանն ու հաղթահարել 70 տոկոսի շեմը, ինչի շնորհիվ աշխատավարձի բարձրացում կունենա:

«Շատ ուրախ եմ, որ այս դպրոցի ուսուցիչը մասնակցել ու հաջող արդյունք է գրանցել, այժմ արդեն կունենա բարձրացված դրույքաչափ և հավելավճար: Սա շարունակական քաղաքականություն է և պարբերաբար այսպիսի այցեր ունենալու եմ նաև մյուս դպրոցներ»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

Նա Ֆերիկի միջնակարգ դպրոցի մյուս ուսուցիչներին ևս հորդորել է մասնակցել կամավոր ատեստավորմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին