Կարևոր իրադարձություններ

Տարեցների խնամքի տների համար նախատեսված գումարից ընկերության տնօրենը յուրացումներ էր արել

11 Նոյեմբեր, 2022 10:47
Տարեցների խնամքի տների համար նախատեսված գումարից ընկերության տնօրենը յուրացումներ էր արել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ  քննվող քրեական վարույթի շրջանակում «Լեքսհաբ» ՍՊ ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

Պարզվել է, որ ընկերության տնօրենը, լինելով 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր և տնօրեն, պատրաստել և օգտագործել է բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ և նախարարության պաշտոնատար անձանց հետ  համատեղ կատարել  առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Կառավարության 2019 թվականի որոշմամբ, Նախարարությանը հատկացվել է  2 մլրդ 380 մլն 457 հազար  դրամ, որից 270 մլն դրամը՝ շենքերի և բնակարանների ձեռքբերման ու կահավորման՝ այդ թվում նաև տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար: 

Ընկերության տնօրենը, մասնակցելով Նախարարության կողմից հայտարարված գնման մրցույթին, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, Նախարարություն է ներկայացրել մասնակցության դիմում-հայտարարություն և կազմել մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր:

Մասնավորապես, Արմավիրի մարզի երկու գյուղերում ձեռք բերված առանձնատները, որոնք, ըստ փաստաթղթերի ունեցել են երկու սանհանգույց և  եղել են պիտանի բնակության համար, պարզվել է չեն համապատասխանել Նախարարության ներկայացրած բնութագրին: Սակայն, հրատապ մեկ անձից գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը ընտրված մասնակից է ճանաչել ՍՊ ընկերությանը և հաստատել պայմանգիրը:

Բացի այդ, Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղյակ լինելով չհամապատասխանող տեխնիկական բնութագրին, Նախարարության մյուս պաշտոնատար անձանց միջոցով  դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն:

Նախարարության պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերության միջև 18 մլն 205 հազար և 18 մլն 495 հազար դրամ շուկայական արժեքով առանձնատների պայմանագրերը կնքվել են 26 մլն 730 հազար և 26 մլն 950 հազար դրամ արժեքներով, որն էլ փոխանցվել է ՍՊ ընկերությանը: Արդյունքում ՍՊ ընկերության տնօրենը հափշտակել է 17 մլն 160 հազար դրամը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին