Կարևոր իրադարձություններ

Հակակոռուպցիոն կոմիտեն վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար. Սասուն Խաչատրյան

10 Նոյեմբեր, 2022 13:42
Հակակոռուպցիոն կոմիտեն վճռական է տրամադրված կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար. Սասուն Խաչատրյան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին սերտ համագործակցության համար` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պատվիրակությանը ներկայացրել է Կոմիտեի կազմավորման առաջին մեկ տարվա ընթացքում արձանագրված առանցքային ձեռքբերումներն ու հիմնական մարտահրավերները՝ փաստելով, որ Կոմիտեն վճռական է տրամադրված և ունի անհրաժեշտ կամք կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար:

Որպես կարևոր առաջընթաց` Կոմիտեի նախագահն առանձնացրել է հատկապես պետական պաշտոնյաների և հանրության շրջանում պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորումը, ինչի վկայությունն են հենց պետական կառավարման համակարգի և իրավապահ մարմինների կողմից իրենց մոտ հանդիպող կոռուպցիոն դեպքերի մասին բարձրաձայնելը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ համատեղ աշխատանքների արդյունքներն ու նոր հնարավորությունները, այդ թվում` կոռուպցիայի դեմ պայքարի կատարելագործմանը միտված տեխնիկական օժանդակության ծրագրերը, կադրերի համալրմանը, վերապատրաստմանն ու օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցերը:

Ջեյմս Ափլգեյթը, իր հերթին, անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ձևավորված համագործակցային կապերի արդյունավետությանը, կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարում հատկապես մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությունը` փաստելով, որ այն արդեն իսկ նկատելի է Հայաստանում: Վերջինս կարևորել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ աշխատակիցների և քննչական կազմի համար նախատեսված վերապատրաստման տարաբնույթ ծրագրերի իրականացումը՝ նշելով, որ INL-ն իր պատրաստակամությունն է հայտնում նորաստեղծ կառույցի հետ համագործակցությունը խորացնելու և Կոմիտեին ցուցաբերվող աջակցությունը շարունակելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին