Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն՝ անհետ կորած անձանց մասին

10 Նոյեմբեր, 2022 13:10
Փաշինյանն՝ անհետ կորած անձանց մասին

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է անհետ կորած անձանց.

«Պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և փորձելով հումանիտար այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա: 

Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքը ունի, և իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության համար սա նույնքան հրատապ և ցավոտ խնդիր է: Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան:

Իսկ 2020 թվականից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով:

Հայաստանը, գիտեք, 2020 թվականի պատերազմից հետո նաև հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանների ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին