«Փաստ» օրաթերթը գրում է.
«2023-ի բյուջեն պլանավորվում է այս տարվա դրական միտումների, այս պահի դրությամբ 14 տոկոս տնտեսական ակտիվության վրա: Անդրադառնալով 2023 թ. բյուջեի նախագծին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կարեն Ադոնցը:
«Այս բարձր տեմպերով պայմանավորված բազայի վրա տնտեսական աճ պահպանելու երևույթի մենք հաջորդ տարի ականատես չենք լինելու, եթե, իհարկե, մեզ համար ավելի դրական աշխարհաքաղաքական ինչ-որ գործընթացներ չլինեն: Մեծ հաշվով, հաջորդ տարվա տնտեսական աճի հավանականությունը շատ փոքր է, ռիսկայնությունը՝ մեծ: Ավելին, հավանական է, որ հաջորդ տարի տնտեսական անկում լինի»,-հավելեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ, ըստ 2023-ի բյուջեի նախագծի, սպասվում է 2 տրլն 301,3 մլրդ դրամի եկամուտ, բայց ավելի մեծ ծախսեր ու նաև դեֆիցիտ, որը լրացվելու է պետական պարտքը ավելացնելու հաշվին, տնտեսագետը նշեց. «Այստեղ շատ կարևոր նրբություն կա: Մենք գիտենք, որ Հայաստանում արտարժույթի մուտքն էապես ավելացել է, որը բերել է դրամի ուժեղացման: Դրամի ուժեղացման պայմաններում շատ բնական կլիներ, եթե կառավարությունն օգտագործեր այդ հնարավորությունը:
Մասնավորապես, խթաներ նոր ոլորտների զարգացումը՝ դրսից նոր մեքենասարքավորումների, հումքի ներմուծման միջոցով: Այս իրավիճակում կարելի է խթանել տնտեսության կառուցվածքային վերափոխումը, բայց կառավարությունը դա չի անում, որովհետև դրամի արժևորումը պայմաններ է ստեղծում, որ նույն պետական պարտք/ՀՆԱ համադրությունը 60-ից մինչև 51 տոկոս իջեցվի, ինչը ևս արհեստական է ու պայմանավորված է զուտ դրամի ուժեղացմամբ: Երբ դրամն ուժեղանում է, ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը ավտոմատ կերպով փոքրանում է»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: