Կարևոր իրադարձություններ

83 օր աչքս ճամփին սպասում էի. գնալով ավելի սարսափելի է դառնում. «Փաստ»

10 Նոյեմբեր, 2022 08:20
83 օր աչքս ճամփին սպասում էի. գնալով ավելի սարսափելի է դառնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նարեկը երկուսուկես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Սկզբում «Մարտունի 2»-ում էր: «Կարանտին էր, ուզում էի գնալ իր մոտ, բայց չէին թույլատրում: Այնտեղ նաև երդման արարողությունն է տեղի ունեցել, այդ օրն էլ ներկա չենք եղել: Ինքն էլ ասաց՝ մամ, որևէ մեկի ծնողին չեն թողնում: Այնտեղից Նարեկիս տեղափոխեցին Հադրութ, պետք է այնտեղ ծառայեր»,-այսպես է Նարեկի մայրիկը՝ տիկին Կարինեն, արձագանքում իմ առաջին ճշտող հարցերին՝ որդին ժամկետայի՞ն զինծառայող էր, որտե՞ղ էր ծառայել:

Իսկ հետո արդեն հարցերը 18 գարուն ապրած տղայի մանկության ու պատանեկության, երազանքների ու առօրյայի մասին են: Չէ՞ որ մինչև պատերազմը տղաներից յուրաքանչյուրը կյանք է ապրել՝ լի նպատակներով ու երազանքներով, ընտանիքին տրված խոստումներով: Մայրիկի խոսքով, Նարեկի մեծանալը մի տեսակ չի զգացել, այնքան խելոք էր ու հանգիստ, միայն ուտում ու քնում էր:
 
«Հարազատները գալիս էին, ասում՝ կլինի՞ մի օր գանք, արթուն լինի, մի քիչ սիրենք: Մի փոքր շրջան մանկապարտեզ է հաճախել, առանց ինձ չէր կարողանում մնալ: Իսկ հետո դպրոց գնաց՝ մեկ տարի ուշ, իրենց դասարանում բոլորից մեկ տարով մեծ էր: Սովորել է Մ. Գորգիսյանի անվան 158 միջնակարգ դպրոցում: Իմ խելացի տղան կարող էր ավելի լավ սովորել, բայց, ինչպես ուսուցչուհին էր ասում, երբեմն ծուլանում էր: Խենթանում էր ՆԶՊ առարկայի համար, միջոցառումներ էին կազմակերպում, զենքը քանդում և հավաքում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն:

Իննամյա կրթությունն ավարտելուց հետո ցանկանում էր վարսավիր դառնալ: «Պետք է քոլեջում սովորեր և աշխատեր: Բայց հետո մեր բարեկամներից մեկն աշխատանք առաջարկեց ՌԴ-ում, այս դեպքում ուղղությունը խոհարարությունն էր, ինչի հանդեպ ևս անտարբեր չէր: Մի քանի ամիս աշխատեց այնտեղ որպես խոհարար, հմտացավ, սերն էլ ավելացավ: Բայց վերադարձավ, կարոտը չէինք կարողանում հաղթահարել, չնայած ամեն օր հեռախոսով խոսում էինք: Ամեն անգամ հարցնում էր՝ մամ, զինկոմիսարիատից չեն զանգե՞լ: Բոլոր ստուգումներն անցել էր, մնացել էր միայն վերջինը, իսկ հետո պիտի զորակոչեին բանակ»,-երկու տարի առաջվա իրադարձություններն այսօրվա նման վերհիշում է մայրիկը:

Նարեկը մեջքի կորություն է ունեցել, մայրիկին ասել է՝ չմիջամտես, եթե հիմա պետք է գնամ բանակ, ուրեմն կգնամ: Տիկին Կարինեն մտածում է՝ իսկ գուցե բուժում նշանակեին, գուցե ինչ-որ բան փոխվեր, գուցե… Ծնողներից շատերն են հիմա իրենք իրենց հարց տալիս՝ իսկ գուցե պետք է որդուն համոզեին կամավոր չմեկնել մարտադաշտ, եթե առողջական փոքրիկ խնդիր ունեցող տղայի զորակոչվելը մի քանի ամսով էլ հետաձգեի՞ն... ՌԴ-ից վերադառնալուց հետո Նարեկն այստեղ ևս աշխատել է:

«Իմ երեխան չի, որ գովում եմ: Ցանկացած մեկը կասի՝ խելացի էր, հարգանքով: Արագ հմտացավ խոհարարության մեջ»,-ասում է մայրիկը, ում Նարեկն ավելի հաճախ «մերս» էր ասում: «Մե՛րս, կգնամ բանակ, կգամ, ավելի կհմտանամ իմ գործում, իմը կստեղծեմ:Անգամ նոր իրեր իր համար չէր գնում՝ գնամ բանակ, գամ, նոր կառնեմ: Ամեն ինչ զինծառայության հետ էր կապում, բոլոր նպատակներն ու երազանքները բանակից հետո պետք է իրականություն դառնային»,-հավելում է նա:

Հադրութում ծառայող Նարեկը շատ գոհ էր զինծառայությունից, օրապահ էր կանգնել, «պալիգոններ» գնացել: «Մե՛րս, ծառայեմ, պարտքս տամ, գամ: Իսկ հետո սկսվեց պատերազմը: Գուցե տարօրինակ հնչի՝ մի տեսակ չէի պատկերացնում, որ Նարեկս պատերազմի մեջ է: Հետո արդեն ինձ իրենց սերժանտը՝ Նիկոլայն է պատմել, որ Հադրութից դուրս գալուց մի քանի օր շրջափակման մեջ են մնացել, զինվորներին մի պահ բունկերում են պահել: Հետո իրենց հրամանատարն է զոհվում: Նարեկի աչքի առաջ է եղել, մեր բարեկամներին Նարեկն ասել էր, որ իրենց վաշտից երևի հաշված տղաներ են ողջ մնացել: Մերոնց պատմել էր, բայց ասել՝ մամային հանկարծ չասեք»,-նշում է զրուցակիցս:

Հրամանատարի և ծառայակից ընկերների զոհվելուց հետո Նարեկն ու էլի մի քանի տղա տարբեր տեղերում են լինում՝ Ասկերան, Ֆիզուլի, Մարտունի 2, Խնձորեստան և այլուր. «Նարեկս 42 օր կռիվ է տվել, կապի մեջ էր մեր հետ, ժպիտով էր արձագանքում մեր հարցերին, կարծես պատերազմի դաշտում չլիներ: Իրեն ասում էի՝ էս ի՞նչ էկավ գլխիս, ինչի՞ թողեցի գնացիր: Պատասխանում էր՝ ես չգայի ծառայության, մյուսը չգար, բա ո՞վ էր ձեր համար կռվելու ու ձեզ պաշտպանելու: Մե՛ր ջան, ամեն ինչ լավ ա լինելու, չմտածես»: Նոյեմբերի 4-ին Նարեկին ու էլի շատ տղաների տանում են Շուշի:

«Նոյեմբերի 5-ին Շուշիում Նարեկին և չորս զինծառայողի մեդալներ են տալիս՝ մարտական առաջադրանքները ճիշտ կատարելու համար: Զանգեց՝ մա՛մ, մեդալն ինձ համար սովորական մի բան է, բայց քեզ ասում եմ, որ հպարտանաս, քեզ լավ զգաս: Նոյեմբերի 6-ին երևի կեսօրին խոսեցինք: Ձայնի մեջ տխրություն կար: Հետո երեկոյան զանգեց, իմ ու քույրիկի հետ խոսեց: Բոլորի՝ ընկերների ու հարազատների հետ խոսել էր: Նոյեմբերի 7-ին Շուշիում նորից մարտեր էին սկսվել: Որդուս զոհվելու լուրը ծառայակից ընկերը՝ Ալիկը, բերեց, նա էլ կանտուզիա էր ստացել: Չէինք հավատում, հարցեր էինք տալիս իրեն, ճշտումներ անում, բայց չէինք հավատում, որովհետև երեխուս չէինք գտնում: Բայց Նարեկս Ալիկի աչքի առաջ էր զոհվել: Նարեկիս 83 օր հետո ենք գտել: 83 օր բազմոցին նստած, աչքս ճամփին, սպասում էի, որ երեխես տուն է մտնելու»,-ասում է մայրիկը:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին