Կարևոր իրադարձություններ

Հայաստանի 6 ընկերությունների արտադրանքը կվաճառվի ամերիկյան 2 խոշոր խանութներում

09 Նոյեմբեր, 2022 21:52
Հայաստանի 6 ընկերությունների արտադրանքը կվաճառվի ամերիկյան 2 խոշոր խանութներում

Հայաստանի 6 տնտեսվարողների արտադրանքը կվաճառվի ամերիկյան խոշորագույն TJ Maxx և HomeGoods խանութներում։ Այս մասին հայտնել է «Buy Armenian» համահիմնադիր Նշան Օդաբաշյանը՝ խոսելով դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալիք աննախադեպ «Ամանորի սպասումով» տոնավաճառի մասին։

Նշան Օդաբաշյանը պատմել է, որ «Buy Armenian»-ի ջանքերով սկսվել է համագործակցություն հայ արտադրողների և ամերիկյան այս 2 խանութների միջև, իսկ հաջողություն գրանցելու դեպքում այդ համագործակցությունը շարունակական է լինելու։

Նշան Օդաբաշյանը մանրամասնել է․ «Մեզ հարցրեցին, թե ի՞նչ ապրանքներ կարելի է  ներկայացնել ոչ հայ հաճախորդներին ու մենք պատրաստեցինք որակյալ ու գեղեցիկ արտադրանքի հայ արտադրողների ցուցակ ամերիկյան 2 խանութների՝ TJ Maxx և HomeGoods-ի համար։ Ներկայացրեցինք և արդեն իրենք առանձնացրեցին այն ապրանքները, որոնք հետաքրքիր էր իրենց, այնուհետև մոտ 1 ամիս առաջ 10 տոննա ապրանքի պատվեր տվեցին Հայաստանից 6 փոքր ընկերությունների։

Հատկանշական է, որ այս ապրանքները վաճառվելու են ոչ միայն Կալիֆորնիա նահանգում, այլ 7 տարբեր նահանգներում՝ Կալիֆորնիայում, Արիզոնայում, Օհայոյում, Ինդիանայում, Ջորջիայում, Նյու Ջերսիում և Կոնեկտիկուտում։ Վաճառվելու է մեղր, թեյ, խնձորի քացախ, մեղրի քացախ, տարբեր տեսակի չրեր, նուգա։ Այս ամենը պետք է բաժանվի այս 7 նահանգների միջև, և եթե այս ապրանքները շուտ վաճառվեն, ապա ամեն ամիս այս քանակով կամ ավելի պատվերներ են ստացվելու։ Սա իսկապես մեծ ձեռբերում է»։

Վերջինս նաև կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող բոլոր հայրենակիցներին գտնել այս ապրանքներն ու գնել դրանք, քանի որ այդպիսով զարգացման մեծ հնարավորություն է ստեղծվում Հայաստանում գործող այս տնտեսվարողների, ինչպես նաև՝ Հայաստանի տնտեսության համար։

«Ամանորի սպասումով» տոնավաճառը ևս մեծապես նպաստելու է հայ արտադրողների նոր շուկա մտնելուն ու տնտեսության աճին։ Արդեն հայտնի է, որ շուրջ 10 արտադրողներ Հայաստանից ներկա են գտնվելու դեկտեմբերի 10-ին և 11-ին Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում կայանալիք ցուցահանդես վաճառքին, որի կազմակերպիչներն են «Buy Armenian» ընկերությունը և «Standing Our Families» հիմնադրամը։ Հալեպ, Արցախ կարպետ, Կեռաս, Մանեթայլս, Անտառամ թեյեր, Միսմա, Արարատ բոքս, Սուհո մրգեր, Չրենի, Armenia Cheer & chocolates ընկերությունների ներկայացուցիչներն ամենայն հավանականությամբ ներկա են գտնվելու այս ջերմ հայկական միջոցառմանը և շփվելու են ամերիկաբնակ մեր հայրենակիցների հետ։

Ցուցահանդես վաճառքին մասնակցելու համար տաղավար վարձակալելու հնարավորություն կունենան ընդամենը 80 ընկերություններ։ Այսպիսով, «Ամանորի սպասումով» տոնավաճառի տաղավարների ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել 866 207 1466 հեռախոսահամարին կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին