Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    409,5
    427,5

  • RUB

    6,05
    6,55

Կարևոր իրադարձություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնյաներին ծանուցումներ չի ուղարկում. հանձնաժողովի նախագահ

09 Նոյեմբեր, 2022 16:30
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնյաներին ծանուցումներ չի ուղարկում. հանձնաժողովի նախագահ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը «Ուժային կառույցների օպերատիվ հետախուզական խմբերը կմտնեն մի շարք պաշտոնյաների տներ. ծանուցումների գործընթացը մեկնարկել է» վերտառությամբ տեղեկություն էր հրապարակել: Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պետական պաշտոնյաներն այս օրերին ծանուցումներ են ստանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, որի մեջ հանձնաժողովը կոնկրետ հարցադրում է անում պետական պաշտոնյաներին և պահանջում հայտնել, թե այս կամ այն գույքի կառավարման հետ ինչ առնչություն ունեն:

Խոսքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի`«Հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ սահմանելու և դրա հիման վրա պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին» որոշման մասին է, որով կոնկրետ պաշտոնատար անձանց մասով վերլուծություն է սկսվել:

Ըստ այդ որոշման` կստուգվի 95 պաշտոնյայի հայտարարագիր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի փոխանցմամբ` հանձնաժողովը հրապարակել է իր որոշումը և դրա վերաբերյալ համապատասխան տեղեկություն, որ սկսել է կոնկրետ պաշտոններ զբաղեցնող անձանց հայտարարագրերի ուսումնասիրությունը:

«Պաշտոնյաներին ծանուցումներ չեն ուղարկվում, դա վերլուծության աշխատանք է, այդտեղ ծանուցման աշխատանք չկա: Պաշտոնների ցանկը հրապարակված է, և պաշտոնատար անձն արդեն հասկանում է, որ սկսել է իր հայտարարագրի վերլուծությունը»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահը:

Հաստատված ցանկը տեղադրված է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում և ներառում է 34 պաշտոնի անվանում` վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, ԱԺ նախագահ, գլխավոր դատախազ և այլն:

Հանձնաժողովի որոշումների համաձայն՝ նախատեսվում է վերլուծել ցանկում ներառված պետական պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամների 2021 թվականի տարեկան հայտարարագրերը, 2022 թվականի պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը, ինչպես նաև վերլուծել 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ ցանկով սահմանված պետական պաշտոն զբաղեցնող և (կամ) զբաղեցրած և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը:

Բարձրագույն դատական խորհրդի անդամների, Սահմանադրական դատարանի դատավորների, այլ դատավորների պաշտոնները ցանկում չներառելը պայմանավորված է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 25-ի ՀՕ-199-Ն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի հիման վրա վերջիններիս հայտարարագրերի վերլուծությունը նախկինում իրականացնելու հանգամանքով:

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին