Կարևոր իրադարձություններ

ԱՊՀ պետությունների երիտասարդներն այցելել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

09 Նոյեմբեր, 2022 16:21
ԱՊՀ պետությունների երիտասարդներն այցելել են  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Երևանում նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը:Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։

Ծրագրի մասնակիցներն այսօր այցելել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ծանոթանալու պետական երիտասարդական քաղաքականությանը:

Նրանց հետ հանդիպմանը ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը  ներկայացրել է երիտասարդության ոլորտում պետության աջակցությամբ իրականացվող հիմնական ծրագրերը:

Նա նշել է, որ պետությունն ամեն ինչ անում է երիտասարդների ինքնիրացման համար նոր հնարավորություններ ստեղծելու, նրանց կարողությունները զարգացնելու նպատակով.

«Մեր նպատակն է երիտասարդների շրջանում ձևավորել գրագետ հասարակություն, որը կծառայի նաև պետության զարգացմանը»:

Վարչության պետը նաև տեղեկացրել է, որ երիտասարդության մասին օրենքի նախագծի մշակման նպատակով  իրականացվում է այլ երկրների փորձի ուսումնասիրություն:

Քննարկման ընթացքում կարևորվել են հատկապես մարզերում իրականացվող ծրագրերը՝ երիտասարդների զբաղվածության ապահովման, կրթության իրավունքի իրացման առաջնահերթությունների շեշտադրմամբ:  

Հյուրերը բարձրաձայնել են երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, որոնք վերաբերել են ակնկալվող արդյունքներին  և ընձեռած հնարավորություններին: 

ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրի մասնակիցներն այցելելու են նաև Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական կենտրոններ, ծանոթանալու են երիտասարդական աշխատանքներին Երևանում և մարզերում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է այց Հայաստանի 2022 թ. Երիտասարդական մայրաքաղաք Հրազդան:

 

Լրահոս

Դիտել ավելին