Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401,5
    419,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Դալարիկի քարայրում հայտնաբերվել է նախամարդու`տարածաշրջանային նշանակություն ունեցող հուշարձան

09 Նոյեմբեր, 2022 12:30
Դալարիկի քարայրում հայտնաբերվել է նախամարդու`տարածաշրջանային նշանակություն ունեցող հուշարձան

Հայ-իսրայելական համատեղ արշավախումբը Արմավիրի մարզի Դալարիկի քարայր կոչվող պեղավայրում հայտնաբերել է նախամարդու` տարածաշրջանային նշանակություն ունեցող հուշարձան:

Արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանի խոսքով՝ այդ պեղավայրում հայտնաբերվել է ուշ homo erectus` աշելյան մարդու ժամանակաշրջանի շերտագրված հուշարձան: «Նման հուշարձանները տարածաշրջանում եզակի են և մատների վրա կարելի է հաշվել»-ասաց նա` հավելելով, որ պեղումները թույլ են տվել վեր հանել  շատ լավ շերտագրված, շատ  լավ պահպանված իրերով, աշխատանքային գեղեցիկ գործիքներով, վանակատից պատրաստված արտակարգ արտադրահամալիր:

«Այս գտածոները բավական հետաքրքիր պատկեր կտան վաղ մարդու` այստեղ հայտնվելու մասին: Դրանք հետաքրքիր են Հայկական լեռնաշխարհի և Հայաստանի բնակեցման սկզբնափուլերը հասկանալու համար»,-նշեց նա՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Բորիս Գասպարյանն ասաց, որ Արարատի մարզի սահմաններում էլ արշավախումբը քարայր  է պեղել, որն արդեն նեանդերթալյան մարդուն բնորոշ համալիր է:

«Մենք այս տարի հինգ- վեց համատեղ արշավախմբով կարողացել ենք քարի դարի մարդու  ամենաարշալույսից մինչև անատոմիապես ժամանակակից մարդուն բնորոշ շերտերի պեղումներ իրականացնել: Դեռ նյութերը հստակեցման անալիզների փուլում են: Երբ պատասխաններն ունենանք, կարող ենք շատ լավ պատկեր ստանալ Հայկական լեռնաշխարհի և նրա հյուսիս-արևելյան մասը կազմող homo erectus, նեանդերթալացու, ժամանակակից մարդու ապրելակերպի, ռեսուրսների օգտագործման մասին»,-ասաց նա:

Բորիս Գասպարյանն այս տարվա հաջողություններից առանձնացրեց նաև Աղիտու քարայրի մասին «Մարդու էվոլուցիա» (The Journal of Human Evolution) բարձր վարկանիշ ամսագրում տեղ գտած հրատարակությունը, որտեղ համատեղ արշավախմբերով ուսումնասիրվել են նստվածքային ԴՆԹ-ն և կարողացել են պարզել հին մարդու կողմից բույսերի օգտագործման տարբեր ասպեկտները:

«Դա նոր խոսք է հնագիտության մեջ: Երբ մենք այդ բուսատեսակները համեմատում ենք Արենի մեկ քարայրի պղնձե, քարեդարյան, միջնադարյան մարդու օգտագործած բուսատեսակների հետ, մենք տեսնում ենք, որ մեր լեռնաշխարհում բույսերի օգտագործման հիմքը դրվել է քարե դարից»,-ասաց հնագետը:

Բորիս Գասպարյանի խոսքով` իր ղեկավարած բոլոր արշավախմբերն արդեն իսկ այս տարվա համար ավարտել են պեղումները` եղանակային պայմաններով պայմանավորված: Դրանցից շատերում հաջորդ տարի կշարունակվեն պեղումները, իսկ մի քանիսում կուսումնասիրվեն հայտնաբերված նյութերը:

 

Լրահոս

Դիտել ավելին