Կարևոր իրադարձություններ

Նախագծով սահմանվեն ընդունելության տեղերի բաշխման նոր մեխանիզմներ. Ժաննա Անդրեասյան

09 Նոյեմբեր, 2022 12:21
Նախագծով սահմանվեն ընդունելության տեղերի բաշխման նոր մեխանիզմներ. Ժաննա Անդրեասյան

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովընոյեմբերի 8-ի նիստում դրական եզրակացություն է տվել ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծին:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագծի ընդունման դեպքում կստեղծվի իրավական հիմք (լիազորող նորմ), որը հնարավորություն կընձեռի ՀՀ կառավարությանը և կրթության պետական կառավարման լիազորված մարմնին ընդունելու ՄԿՈՒ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտեր:

Ըստ նախարարի տեղակալի՝ առաջարկվում է ներդնել ատեստավորման և տարակարգերի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան փոխելու ՄԿՈՒ ոլորտում աշխատողների դրույքաչափը, ինչպես նաև սահմանելու հավելավճարներ: Այս փոփոխությունների ընդունմամբ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 7000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ:

Կսահմանվի նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանություն, ինչպես նաև կներդրվեն վարձատրության մեխանիզմների բարելավման հետ փոխկապակցված մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման ճկուն համակարգեր:

«Վերոնշյալ իրավական ակտերի ընդունումից հետո կսահմանվեն նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների և դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեխանիզմներ: Կարևոր փոփոխություններից մեկը  մանկավարժների մասնագիտական զարգացման և ատեստավորման համակարգերի ներդրումն է, որի նպատակն է բարելավել  ոլորտում աշխատող մասնագետների վարձատրությունը՝ ապահովելով հավելավճարների կայուն մեխանիզմներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝  օրենքի նախագծով ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը նոր իրավական ակտեր ընդունելու լիազորություն է տրվել, որոնց հիման վրա կմշակվեն ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժների վերապատրաստման, ատեստավորման, տարակարգերի տրամադրման նոր կարգերը: Դրանց արդյունքում կբարձրանա մանկավարժների աշխատավարձը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նաև ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմ՝ ուսանողների և դասախոսների համար:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով օրենքի նախագծում առաջարկվող փոփոխություններին և լրացումներին, նշել է, որքոլեջները և ուսումնարանները, բացի ՊՈԱԿ-ից, կարող են ունենալ նաև օրենսդրությամբ նախատեսված  կազմակերպաիրավական այլ ձև: Ըստ նրա՝ դրանով կստեղծվի իրավական հնարավորություն՝ մասնավորի հետ համատեղ կառավարման մոդելների ամբողջական ներդրման համար։ Փոփոխություններ կիրականացվեն նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքին վերաբերող հավաստագրման ընթացակարգում:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովի նիստը վարել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին