Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում ստուգվել է փայտանյութով բեռնված 20-ից ավելի տրանսպորտային միջոց (տեսանյութ)

09 Նոյեմբեր, 2022 00:02
Լոռու մարզում ստուգվել է փայտանյութով բեռնված 20-ից ավելի տրանսպորտային միջոց (տեսանյութ)

Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Օրերս նրանք հայտնաբերել են տարբեր մակնիշների 20-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։
Մարզի տարբեր բնակավայրերում պարեկները ստուգման են ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 5 մեքենա, որոնք բեռնված էին ընդհանուր մոտ 12 խորանարդ մետր փայտանյութով։ Լոռու պարեկները հայտնաբերել են նաև «ԳԱԶել» մակնիշի երկու տրանսպորտային միջոց, որոնք բեռնված էին ընդհանուր մոտ 6,5 խորանարդ մետր փայտանյութով։ Մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։


Պարեկները ստուգման են ենթարկել նաև «ՈւԱԶ» մակնիշի երկու մեքենա, որոնք բեռնված էին փայտանյութով՝ ընդհանուր 3 խորանարդ մետրից ավելի ծավալով։
Բացի այդ, Լոռու տարբեր բնակավայրերում պարեկները ստուգել են տարբեր մակնիշների թեթև մարդատար 7 մեքենա։ Դրանց և՛ սրահներում, և՛ բեռնախցիկներում հայտնաբերվել է տարբեր ծավալի փայտանյութ՝ ընդհանուր 5 խորանարդ մետրից ավելի։
Լոռու պարեկները ստուգել են նաև տարբեր մակնիշի չորս խոշոր բեռնատար մեքենաներ, որոնք բարձված էին ընդհանուր 30 խորանարդ մետրից ավելի փայտանյութով։ Խոշոր բեռնատար մեքենաները, որոնցից մեկը հաշվառման համարանիշեր չի ունեցել, տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։
Դեպքերի հանգամանքները, այդ թվում՝ փայտանյութի ձեռք բերման օրինականությունը պարզվում են, իսկ Լոռու պարեկների պայքարն ապօրինի ծառահատումների դեմ՝ շարունակվում:

 

Լրահոս

Դիտել ավելին