Կարևոր իրադարձություններ

Աշխարհի լավագույն բուհերի շրջանավարտներ մենք շատ ունենք. ձեր փորձի ու գիտելիքների կարիքը կա Արցախում. Վարդանյան

08 Նոյեմբեր, 2022 17:55
Հեղինակ՝ Ռուբեն Վարդանյան
Աշխարհի լավագույն բուհերի շրջանավարտներ մենք շատ ունենք. ձեր փորձի ու գիտելիքների կարիքը կա Արցախում. Վարդանյան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախ տեղափոխվելուց հետո Հայաստանից, Սփյուռքից շատերն են ինձ դիմում: Բոլորն անխտիր ողջունում են իմ քայլը: Մի մասը հարցնում է՝ ինչով կարող են օգնել, մյուս մասն ասում է, որ իմ երկրպագուն են և հետևում են իմ գործողություններին, բայց շատ են նաև նրանք, ովքեր ասում են, որ պատրաստ են արցախցիների ու իմ կողքին կանգնել ու հնարավոր ամեն ինչ անել հանուն Արցախի: Ու սա ինձ ուրախացնում է, քանի որ հիմա Արցախն ավելի շատ կարիք ունի զինվորի պես ամեն ոլորտում ճակատ պահող մարդկանց, քան հեռվից աջակցողների կամ երկրպագուների:
 
Երեկ հետաքրքիր հանդիպում ունեցա Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի նախագահ Արտյոմ Գեղամյանի, ակումբի անդամներ Հովհաննես Ղազարյանի և Աննա Դանիելյանի հետ: Արձագանքելով իմ կոչին՝ նրանք եկել էին Արցախ, հանդիպելու և հստակեցնելու համագործակցության ուղղությունները: Ուրախ էի լսել, որ նրանք պատրաստ են իրենց հնարավորությունների շրջանակում ամեն ինչ անել հանուն Արցախի զարգացման, ամեն ինչ անել, որ մենք միասին հաջողենք:
 
Աշխարհի լավագույն բուհերի շրջանավարտներ մենք շատ ունենք: Ձեր փորձի ու գիտելիքների կարիքը կա Արցախում՝ ինչպես երիտասարդների կրթության, այնպես էլ մեծ թվով այլ ծրագրերում ներգրավվելու համար: Պետք չէ վախենալ Արցախ գալուց:
Սպասում եմ բոլորիդ Արցախում:

 

Լրահոս

Դիտել ավելին