Կարևոր իրադարձություններ

Այսօրվա հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է. ԱՀ ՄԻՊ

08 Նոյեմբեր, 2022 16:14
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Այսօրվա հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է. ԱՀ ՄԻՊ

Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի բռնազավթման երկրորդ տարելիցին:   

«2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր, այդ թվում՝ հայկական մշակույթի կենտրոն Շուշին։

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու վերաբերյալ 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման մեջ որպես ձևավորվելիք հայկական ինքնավարության կենտրոն էր սահմանվում Շուշի քաղաքը։ Սակայն Շուշին Արցախից օտարելու հեռահար նպատակադրությամբ 1923 թ.-ին, երբ Արցախի մի փոքրիկ հատվածում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կենտրոն դարձավ ոչ թե Շուշին, այլ Ստեփանակերտը։ 

Շուշին զավթելու, նրա հայկականությունը աղավաղելու և այն ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ Ադրբեջանը գործել է մշտապես։ Քաղաքը յուրացնելու ընթացքում, ինչպես 1900-ականների սկզբին, այնպես էլ 2020 թ-ին թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական գործիքները եղել են էթնիկ զտումն ու ցեղասպանությունը՝ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումը, դեպորտացիան, նրանց ստեղծած հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացումն ու աղավաղումը։ 

Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հայկական պատկանելության ինքնատիպ վկայություն է։ Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հրադադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ Ադրբեջանը շարունակաբար ավերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, տները, բազմաբնակարան շենքերը։

Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին