Կարևոր իրադարձություններ

Արման Եղոյանը լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակը

08 Նոյեմբեր, 2022 14:42
Արման Եղոյանը լեհ գործընկերոջն է ներկայացրել Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակը

Հայ-լեհական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը կարևոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարևոր բաղկացուցչի: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 8-ին կայացած Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ հանդիպման ընթացքում:

Արման Եղոյանը շնորհակալություն է հայտնել Բոգդան Կլիխին՝ հատկապես նման բարդ ժամանակներում Հայաստան այցելելու համար:

Նրա գնահատմամբ՝ մեկ ամիս առաջ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի Լեհաստան կատարած այցը բավականին արդյունավետ էր: Համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ:

Ընդգծելով, որ Լեհաստանը կարևոր դերակատարում ունի Եվրոպական միությունում, Եվրոպայի խորհրդում՝ Արման Եղոյանը նշել է՝ Հայաստանը եվրոպական հարթակներից աջակցության կարիք ունի:

«Լեհաստանն առաջին երկրներից է, որը վավերացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչի համար շնորհակալ ենք ձեզ»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

Նա ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց  անհապաղ և անվերապահ հայրենադարձման խնդրին, ինչպես նաև բարձրացրել հումանիտար աջակցության անհրաժեշտության հարցը:

Պատգամավորն անընդունելի է համարել ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Բոգդան Կլիխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանում: Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահն արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մարտահրավերներին, դրանց դիմակայելու ուղիներին:

 

Լրահոս

Դիտել ավելին