Կարևոր իրադարձություններ

44-օրյայի հերոսի մասին գիրքը ներկայացվել է նաև Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»

08 Նոյեմբեր, 2022 09:38
44-օրյայի հերոսի մասին գիրքը ներկայացվել է նաև Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամիսներ առաջ երիտասարդ հեղինակ Լիլիթ Մովսիսյանի հետ հարցազրույցի առիթը «Մոր զրույցը» գիրքն էր: Լիլիթը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության, տեսության և կառավարման 2-րդ կուրսում, կուրսի ղեկավարը Սերգեյ Սանոյանն է։ Նա «Erasmus +»-ի շրջանակում կրթական ծրագրի է մասնակցել. «Ապագան մեր ձեռքերում է» ՀԿ-ի ջանքերով մեկնել է Բուլղարիա, որտեղ հոկտեմբերի 17-ից 25-ը անցկացվում էր «DREAM_Digital Resilience through Education and Analyzing Media» միջազգային դասընթացը: «Սա շատ լավ հնարավորություն է ուսանողների համար՝ նոր ծանոթությունների հաստատման, փորձի փոխանակման առումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լիլիթը:

Դասընթացը հարթակ է դարձել նաև նրա հեղինակած գիրքը ներկայացնելու համար: Գրքում 44-օրյա պատերազմի մասնակից Էդգար Աղաբաբյանի մոր՝ տիկին Շուշանիկի զրույցն է որդու հետ։ «Գիրքը ներկայացնելու, գրքի մասին խոսելու ցանկությունս նախապես քննարկել եմ երկու կողմի հետ էլ, քանի որ հասկանում էի՝ թեման պատերազմն է, գործ ունեմ միջազգային հարթակի հետ: Հուրախություն ինձ՝ այս առումով խտրական վերաբերմունք չեղավ, սիրով համաձայնեցին: Գրքի ներկայացման ժամանակ մասնակից 20 երկրի ներկայացուցիչները հարցեր ուղղեցին: Օրինակ՝ դասընթացին մասնակցում էր նաև իտալացի լրագրող, նա բավականին հետաքրքրված էր հատկապես, թե ինչու եմ որոշել նման ֆորմատով գիրք գրել: Մի տեսակ հպարտության զգացում ունեցա, որ կարողացա մեր հերոսին ներկայացնող գրքի մասին պատմել մեր երկրի սահմաններից դուրս»,-նշում է զրուցակիցս:

Տարբեր երկրների մասնակիցները խոսել են իրենց մշակույթի ու քաղաքականության, տեղի ունեցած ու շարունակվող պատերազմների մասին: Խոսելով պատերազմի մասնակցին առնչվող գրքի մասին՝ անհնար կլիներ շրջանցել 44-օրյա պատերազմի ու Արցախի թեմաները: Լիլիթից հետաքրքրվում ենք՝ օտարերկրացիներն ի՞նչ տեղեկություններ ունեին 44-օրյա պատերազմի մասին: «Մասնակիցները տեղյակ էին 44-օրյա պատերազմից, բնականաբար, մեկի ունեցած տեղեկությունը մի փոքր ավելին էր, մյուսինն՝ ավելի քիչ: Զրուցում էի բոլորի հետ, հարցեր տալիս, ինձ էլ էր հետաքրքիր, թե ինչպես է պատերազմը ներկայացվել իրենց մեդիայում: Այդ առումով ուրախացնող էր այն, որ նրանք, ովքեր հետաքրքվել էին պատերազմով ու մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններով, ճշգրիտ ինֆորմացիայի էին տիրապետում»,-հավելում է նա:

Դասընթացի մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր երկրի մշակույթը: «Պատրաստել էինք քուիզ, իմ հարցերից մեկն էր, թե որն է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը: Հենց այս ժամանակ էլ սկսեցինք խոսել Արցախի մասին: Նշեմ, որ չէինք պատրաստվել նման զրույցի՝ ամեն դեպքում հաշվի առնելով, որ միջազգային դասընթացի ենք մասնակցում, գուցե այնքան էլ նպատակահարմար չլինի պատերազմի թեմային անդրադառնալ, քանի որ դրանից ինքնաբերաբար բխում են քաղաքական հարցեր: Բայց բավականին հետաքրքիր զրույցքննարկում ունեցանք, փորձեցինք ներկայացնել ճշմարտությունը, որքանով թույլ էր տալիս դասընթացի ֆորմատը: Ամեն դեպքում դա այն հարթակը չէր, որտեղ պետք էր բացառապես պատերազմի մասին խոսել: Կարևոր էր, որ մասնակիցների շրջանում չկար որևէ ազգային խտրականություն, դժվարությամբ ենք իրար հրաժեշտ տվել»,ասում է զրուցակիցս»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին