Կարևոր իրադարձություններ

Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինաշխատանքների համար կհատկացվի 3 մլրդ դրամ

07 Նոյեմբեր, 2022 15:37
Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինաշխատանքների համար կհատկացվի 3 մլրդ դրամ

2023 թ. Երեւանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 42 մլրդ 316 մլն դրամ, որից խոշորը՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երեւան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններն են՝ 18 մլրդ դրամի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թ. բյուջետային հատկացումները:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քաղաքապետի խոսքով՝ Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրման ծառայությունների կազմակերպման համար 2023 թ. կհատկացվի մոտ 2 մլրդ 700 մլն դրամ:

2023 թ. նախատեսվում է, որ կսկսվեն Արշակունյաց-Իսակով ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները, որոնց համար կհատկացվի 3 մլրդ դրամ:

Հրաչյա Սարգսյանը նաեւ նշել է, որ 2023 թ. բյուջետային հայտի մեծ մասնաբաժին է կազմում տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար նախատեսված գումարը: Ավտոբուսները Երեւանում կլինեն գալիք տարվա ամռանը: Հատկացումը կլինի 9 մլրդ դրամի շրջանակում:

«Ես վստահ եմ, որ 2023 թ. ընթացքում մենք 70 տոկոսի չափով կլուծենք տրանսպորտի խնդիրը: Տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ, սակայն դա առաջնահերթ քայլերից մեկն է»,-ասել է քաղաքապետը:

2023 թ. էներգախնայող միջոցառումների շրջանակում նախատեսվում է իրականացնել մանկապարտեզների վերանորոգում, որը կիրականացվի Եվրամիության կողմից վերցված շուրջ 2 մլրդ վարկի շրջանակում: Քաղաքապետի խոսքով եկող տարի նախատեսվում է կնքել եւս մեկ վարկային համաձայնագիր, որով կվերանորոգվեն 6 պոլիկլինիկա եւ 16 մանկապարտեզ:

Երևանի քաղաքապետը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցադրումներին:

Անդրադառնալով մանկապարտեզների գերծանրաբեռնվածությանը վերաբերող հարցին՝ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ Երեւան քաղաքն ունի 162 մանկապարտեզ, որից 24-ը կապիտալ վերանորոգման փուլում է, իսկ դա նշանակում է, որ 24 մանկապարտեզի երեխաներ հնարավորություն չունեն հաճախելու մանկապարտեզ: Ըստ նրա՝ նախնական հաշվարկով 2023 թ. 40 մանկապարտեզ կլինի վերանորոգման փուլում: Քաղաքապետը նշել է, որ կան նաեւ նորակառույց շենքերով բնակեցված հատվածներ, որտեղ մանկապարտեզներ չկան: Այս համատեքստում ընդգծվել է, որ 3 տարբեր վարչական շրջաններում նախատեսվում է նոր մանկապարտեզների կառուցում:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին մասնակցել են նաեւ ՀՀ մարզպետները, որոնք ներկայացրել են 2023 թ. բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները:

 

Լրահոս

Դիտել ավելին