«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեղրիի բժշկական կենտրոնի շուրջ բուռն կրքեր են բորբոքվել։ Ինը տարվա տնօրեն, համատեղության կարգով գլխավոր բժիշկ Լուսինե Վարդանյանին ուզում են հեռացնել պաշտոնից, մինչդեռ նրա աշխատանքային պայմանագրի ավարտին դեռ 1 տարի 1 ամիս ժամանակ կա։ Երեկ Վարդանյանի ամուսինը՝ Արմեն Մեխակյանը, մեզ ասաց, որ իր կնոջ վրա սեւեռվել է նախկին ՀՀԿ-ական փոխմարզպետ Նարե Ղազարյանը, վերջինիս էլ ուղղորդել է Մեղրիի նախկին համայնքապետի պաշտոնակատար, ներկայում տարածքային կառույցի ղեկավար, կարատեիստ Արարատ Թումանյանը, իսկ Թումանյանի «թշնամությունը» հետաքրքիր նախապատմություն ունի։
ԲԿ տնօրենի ամուսինը մեզ պատմեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2021-ի ընտրություններից առաջ այցելել է Ագարակ, այն ժամանակվա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը խնդրել է հնարավորինս շատ մարդ հավաքել, որ դիմավորեն վարչապետին․ «Բայց քանի որ Արարատը չհարգված է այստեղ, ընդամենը 5 մարդ էր հավաքել, ես հավաքեցի ընկերներիս, եւ դիմավորեցինք, դրանից հետո Թումանյանը թարսվեց կնոջս հետ»։
Մեխակյանի կարծիքով՝ նրա հրահրմամբ է, որ «քոչարյանական» փոխմարզպետ Նարե Ղազարյանը մի քանի ամիս է՝ ուզում է ազատվել Լուսինե Վարդանյանից եւ նրա փոխարեն նշանակել Կապանի հիվանդանոցում վերջերս ուրոլոգ նշանակված Սեւակ Մարտիրոսյանին, ում քեռին՝ Ռոման Սարգսյանը, կարկառուն ՀՀԿ-ական է։ Նա տարիներ շարունակ, ըստ Լ․ Վարդանյանի ամուսնու, եղել է մարզի ՀՀԿ-ական կառույցի ղեկավարը։
Արարատ Թումանյանն է այս արշավի հեղինակը, ինքը երբ ժամանակավոր պաշտոնակատար էր, ծառայողական «Տոյոտայի» պագրիշկաները գողացել-տարել էր իր գարաժ, նոր համայնքապետ Բագրատի տղաներն իր գարաժից էին հայտնաբերել, 350 հազար բյուջեից դուրս էր գրել, իբր հիվանդանոցի համար փայտ առնեն, բայց բոլորը գիտեն, որ հիվանդանոցը պլիտաներով է ջեռուցվում, ու այս մարդը փոխմարզպետի միջոցով պայքարում է կնոջս դեմ։ Փոխմարզպետն օրումեջ առողջապահության բաժնի ղեկավարին ստիպում է, որ զանգի Լուսինեին, հորդորի՝ դիմում գրել, հակառակ դեպքում երկուսի համար էլ վատ կլինի»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: