Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ում կայացել է «BioExpo» ցուցահանդեսը

04 Նոյեմբեր, 2022 18:50
ԵՊՀ-ում կայացել է «BioExpo» ցուցահանդեսը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանում այսօր կայացած «BioExpo» («ԲիոԷքսպո») ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ, Շրջանավարտների և կարիերայի, Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնների աջակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Կենսաբանության ֆակուլտետի յոթ ամբիոնների գործունեությունը, կրթական ծրագրերը, ֆակուլտետում իրականացվող հետազոտական աշխատանքները և նորագույն սարքավորումները։

Ցուցահանդեսին առանձին տաղավարներով հանդես են եկել նաև ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքային բազմաճյուղ ոլորտները ներկայացնող 20 կազմակերպություններ (Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտներ, ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններ, կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներ, բնապահպանության, սննդարդյունաբերության, կենսատեխնոլոգիայի ոլորտների տարբեր կազմակերպություններ և այլն):

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, կարևորելով նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը, նշել է. «Այս ցուցահանդեսները չափազանց կարևոր են նախևառաջ ֆակուլտետների ունեցած հնարավորությունները, կրթական ծրագրերը, գիտահետազոտական լաբորատորիաները և կենտրոնները ներկայացնելու, ինչպես նաև համագործակցության շրջանակն ընդլայնելու տեսանկյունից: Դեռևս մասնագիտության ընտրության հարցում չկողմնորոշված աշակերտները ցուցահանդեսի շնորհիվ կարող են ճիշտ որոշում կայացնել, իսկ ուսանողների համար այն առիթ է՝ ծանոթանալու ոլորտի առաջատար ընկերություններին և նրանց ծավալած գործունեությանը, պատկերացում կազմելու իրենց մասնագիտական աճի հնարավորությունների մասին»:

Կարեն Թռչունյանի խոսքով՝ նմանատիպ ցուցահանդեսներ և միջոցառումներ բուհերում հաճախ պետք է կազմակերպել:

Ցուցահանդեսին ներկա են եղել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկանը և նրա տեղակալը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, Երևանի մի շարք դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, ԵՊՀ-ում կազմակերպված դպրոցականների օլիմպիադայի մասնակիցներ և այլ հյուրեր։

Կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են ոլորտային գործունեությունը, հաջողության պատմությունները, ինչպես նաև հանդես եկել պրակտիկայի, դասընթացների և աշխատանքի առաջարկներով:

«BioExpo» ցուցահանդեսի շրջանակում համալսարանի ուսանողները տեղում կազմակերպել են նաև տարբեր գիտափորձեր, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես աշակերտների շրջանում:

 

Լրահոս

Դիտել ավելին