Կարևոր իրադարձություններ

Կալանավորված անձի համար բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել է երկու հեռախոս

04 Նոյեմբեր, 2022 16:15
Կալանավորված անձի համար բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել է երկու հեռախոս

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ: Հավատարիմ մնալով Կառավարության կողմից որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է հոկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:

Այսպիսով` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացու կողմից բերված հեռուստացույցը, որի մեջ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մեկ էլեկտրամեկուսիչ հարթաթիթեղ (плата)։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներին է դիմել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալը։ Ոչ սահմանված ժամին աշխատանքեր իրականացնելու դատապարտյալի ցանկությունը կասկած է առաջացրել ծառայողների մոտ, որոնք հետևել են դատապարտյալին և տեղազննել միջանցքի այն հատվածը, որտեղ վերջինս կանգնած է եղել։ Արդյունքում հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել սպիտակ, բյուրեղանման զանգված: 

Մեկ այլ դեպքով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ քաղաքացուհու բերած հանձնուքը, որի միջից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող դարչնագույն զանգված։

«Սևան» քրեակատարողական հիմնարկի բաղնիքի մասնաշենքի հետնամասում գետնին ընկած հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով պարուրված կասկածելի փաթեթ, որում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, կանաչավուն, չոր զանգված և երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտի։

Օրեր անց՝ նույն քրեակատարողական հիմնարկում կրկին հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել բջջային հեռախոս, բջջային հեռախոսի էկրան և պատյան, ականջակալ, USB լար: Կասկածելի փաթեթ է հայտնաբերվել նաև նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին՝  2 բջջային հեռախոսով, USB լարով և ականջակալով: 

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ցածր անվտանգային գոտում գտնվող լոգարանի տանիքի ծածկի տակից հայտնաբերել են թաքցրած երկու ստվարաթղթե փաթեթ և մեկ կաթոցիչ։ Երկու փաթեթներում միասին առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված։

Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: 

 

Լրահոս

Դիտել ավելին