Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն բարձր է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների պատրաստակամությունը

04 Նոյեմբեր, 2022 10:46
 ԵՄ-ն բարձր է գնահատել ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների պատրաստակամությունը

Եվրոպական Միությունը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը, որում նոյեմբերի 3-ին Բրյուսելում անցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 3-րդ նիստը: 

Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ծառայության մամուլի խոսնակ Նաբիլա Մասրալին, փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Եվրոպական Միությունը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը: Հանդիպումը հաջորդել է Եվրոպական խորհրդի Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բրյուսելում անցկացրած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Եվրոպական Միությունը բարձր է գնահատում կառուցողական մթնոլորտը, որում անցել է հանդիպումը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել աշխատանքը սահմանային խնդիրները լուծելու, ինչպես նաև անվտանգային իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին