Կարևոր իրադարձություններ

Քաղաքագետ Կոլերով շուտով հեռացնելու են «Regnum»-ից. «Հրապարակ»

04 Նոյեմբեր, 2022 08:52
Քաղաքագետ Կոլերով շուտով հեռացնելու են «Regnum»-ից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«20 տարվա պատմություն ունեցող Regnum գործակալության սեփականատերը որոշել է փոխել ԶԼՄ-ի տնօրենների խորհրդի կազմը եւ աշխատանքից ազատել է գլխավոր տնօրեն, հոգեբանական գիտությունների թեկնածու, սոցիոլոգ, բազմաթիվ գրքերի հեղինակ Յուլյա Կրիժանսկայային։ Նոր տնօրենն «անհայտ մարդ» է՝ RenTV-ից։ Այսպես է բնորոշել նրան Regnum-ի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ ասելով, որ նրա անունն ինքն անգամ չի կարողանում հիշել։ «Հրապարակի» խնդրանքին՝ այնուամենայնիվ նշել նրա անունը, Կոլերովը պատասխանեց․ «RenTV-ի ֆինանսական տնօրեն Անդրեյ Իոսիֆովիչ Օսիյչուկ։ Ես նրա հետ ծանոթ չեմ եւ նրա մտադրությունները չգիտեմ»։

Regnum-ի կայքը բացել հնարավոր չէ՝ ընթերցողին սպասում է գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ, պատմաբան Մոդեստ Կոլերովի ստորագրությամբ գրառում, որ Regnum-ը փակվում է, որ կառավարող ընկերության սեփականատերը, չբացատրելով պատճառներն ու  նպատակը, փոխել է ընկերության ղեկավարությանը, որ տեղի է ունեցել լրատվամիջոցի ռեյդերական գրավում, եւ եթե այն աշխատի, ապա դա կլինի առանց իր մասնակցության ու կնշանակի, որ գրավումն ավարտված է։ 

Կոլերովը խոստացել է աշխատողների աշխատավարձերը բաժանել մինչեւ նոյեմբերի 10-ը, բայց ինքն էլ չգիտի, թե ինչ է լինելու աշխատակիցների հետ։ «Աշխատողներին հիմա ասել եմ, որ քանի ինտերֆեյսը չի աշխատում, նստեք տանը,  հանգստացեք, սա հազվագյուտ պահ է, օգտագործեք այն»,- հայտնել է Կոլերովը ТАСС գործակալությանը։ Կրիժանսկայայի ազատման վերաբերյալ դիպուկ բնորոշում է արել․ «Չի կարելի վերցնել ու պոկել աթոռի 4 ոտքերից մեկը»։ 

Regnum-ի նոր ղեկավարը երեկ քարտուղարի միջոցով Կոլերովին հրավիրել է հանդիպման, ինչը Մոդեստ Ալեքսեեւիչը համարում է անքաղաքավարի եւ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք։ «Ես արդեն մեծ տղա եմ,- ասել է նա,- եթե նա ուզում է, թող գա իմ աշխատավայր։ Ես կանչով չեմ գնալու իր մոտ։ Ես ուշադիր վերլուծելու եմ, թե ինչպես է նոր իշխանությունն իրեն պահելու ինձ հետ, որովհետեւ, եթե նա ինձ հետ է այդպես վարվում, ապա ինչպես է վարվելու աշխատողների հետ»։  

Անշուշտ, Կոլերովը կատարված փոփոխությունը համարում է իր դեմ արված քայլ, եւ գլխավոր ինտրիգը հիմա այն է, թե կփոխվի՞ արդյոք գործակալության համեմատաբար ընդդիմադիր դիրքորոշումը։ Հասկանալի է, սակայն, որ «Ռեգնում»-ին չի կարելի լիարժեք ընդդիմադիր ԶԼՄ համարել, որովհետեւ Մոսկվայում ընդդիմադիր ԶԼՄ-ներ պարզապես չկան։ Պատահական չէ, որ իր վերջին գրառման մեջ Կոլերովը, որպես իր օգտին «պլյուս», նշում է Պուտինի բարձր գնահատականը, որը ՌԴ  նախագահը հնչեցրել է «Ռեգնում»-ի 20-ամյակին։ Այնպես որ, գործակալության գաղափարական կողմնորոշումը փոխելու մասին խոսք լինել, իհարկե, չի  կարող։ Այն պարզապես անցնում է Կրեմլի մի թեւից մյուսին, իսկ Կրեմլում նման ներիշխանական թեւերը՝ աշտարակները, շատ են, եւ բոլորը մրցում են ՌԴ նախագահին իրենց նվիրվածության աստիճանը ցուցադրելու մեջ»։ 

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին