Կարևոր իրադարձություններ

2 կամ 3 դասարանները մեկ դասարանում համակցելու մոդելից որոշել ենք հրաժարվել. ԿԳՄՍ նախարար

03 Նոյեմբեր, 2022 18:50
2 կամ 3 դասարանները մեկ դասարանում համակցելու մոդելից որոշել ենք հրաժարվել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարարությունը որդեգրել է նոր մոտեցում, որով նախկինում գործող բազմահամակազմ դասարանների մոդելը, որը կիրառվում էր փոքրաքանակ երեխաներով դպրոցներում, այլևս ընդունելի չէ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Այս մասին ՀՀ կառավարության նոյեմբերի 3-ի նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ շեշտելով, որ 2 կամ 3 դասարանները մեկ դասարանում համակցելու մոդելից որոշվել է հրաժարվել:

«Նոր մոտեցմամբ, անկախ աշակերտների թվաքանակից, նոր կառուցվող կրթահամալիրները, ինչպես նաև հետագայում նախատեսվող դպրոցները պետք է բավարարեն հետևյալ նվազագույն պահանջներին: Դպրոցները պետք է ունենան առնվազն 12 դասարան, մեկական նախնական զինվորական պատրաստության դասասենյակ, արհեստագործական սենյակ, կենսաբանության և քիմիայի դասասենյակ-լաբորատորիա, ֆիզիկայի և աշխարհագրության դասասենյակ-լաբորատորիա, հանդիսությունների դահլիճ, կերպարվեստի դասերի անցկացման վայր, սպորտային դահլիճ, ռեսուրսային (ինֆորմատիկա, տեխնոլոգիաներ) կենտրոն, որը կգործի նաև որպես գրադարան: Դպրոցը պետք է ունենա նաև խոհանոց՝ նախատեսված դպրոցական և նախադպրոցական տարիքի սովորողների սննդի պատրաստման համար՝ 2 առանձին ճաշասենյակներով, ընդարձակ ուսուցչանոց, տնօրենի սենյակ, պահակակետ, տեխնիկական սենյակ, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման և առաջին բժշկական օգնության սենյակ»,- նշել է նախարարը՝ ներկայացնելով Սյունիքի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծային աշխատանքներում առաջարկվող նոր մոտեցումները: Նրա խոսքով՝ պետք է նաև նախատեսել ճարտարապետական լուծում, հանրակրթական դպրոցում նախադպրոցական հատված տեղակայելու համար: Այս մոտեցումը կիրառվելու է այն բնակավայրերում, որտեղ չկան նախադպրոցական հաստատություններ, հետևաբար նպատակահարմար է դրանք տեղակայել դպրոցի շենքում:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունը պետք է ունենա խաղահրապարակ, առնվազն 2 խմբասենյակ, ինչպես նաև մեկական սենյակ՝ հանդիսությունների, երաժշտական և ֆիզկուլտուրայի պարապմունքների, ինչպես նաև դաստիարակների և նրանց օգնականների համար։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեին ավելի վաղ տրված ֆինանսավորմամբ նախատեսվել էր իրականացել ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական 13 բնակավայրերի դպրոցական շենքերի բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքներ: Սկզբնական փուլում նախատեսվել էր 13 կրթահամալիրից 5-ի համար կառուցել նոր շենք, այդ թվում՝ 3 մոդուլային դպրոց, իսկ մյուս 8-ի դեպքում պետք է վերակառուցվեին դպրոցների առկա շենքերը:

Որոշվել է նախագծային աշխատանքներն իրականացնելիս հաշվի առնել վերը նշված նոր մոտեցումները: Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվել է վերլուծություն, նախագծող ընկերությունների հետ համատեղ քննարկումների արդյունքում պարզվել է, որ արդեն կնքված պայմանագրերի շրջանակում տեխնիկապես հնարավոր է իրականացնել նախագծերի ծավալահատակագծային այնպիսի փոփոխություններ, որոնցով հնարավոր կլինի բավարարել կրթական կենտրոնների համար սահմանված նոր պահանջները:

Նշենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 3-ի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված ելքային ծրագրերի համար հատկացված միջոցներից կկատարվի վերաբաշխում՝ 62 մլն 98.3 հազար դրամ գումարի չափով՝ մարզերում մոդուլային կրթահամալիրների կառուցման նպատակով, ինչպես նաև 139 մլն 780.4 հազար դրամ կուղղվի պահուստային ֆոնդ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը զեկուցել է, որ այս որոշմամբ կապահովվի Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական 10 բնակավայրի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գործընթացը, ինչպես նաև Արարատի մարզի Դեղձուտի և Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոցների մոդուլային շենքերի կառուցման ավարտական աշխատանքները, Ախուրյանի ավագ դպրոցի մարզադահլիճի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննությունը:

Նախարարը նշել է նաև, որ ավարտվել են Սյունիքի մարզի մյուս բոլոր խոշորացված համայնքների, գյուղական բնակավայրերի համար կրթահամալիրների տեղորոշման և տեղազննության աշխատանքները, որի արդյունքում կազմվել են 53 նոր կրթահամալիրի կառուցման, վերակառուցման, նորոգման աշխատանքների տեխնիկական նկարագրերը: Քարտեզագրման աշխատանքներ են իրականացվել նաև մյուս մարզերի գյուղական բնակավայրերի համար, որոնք վերլուծության փուլում են:

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ բոլոր բնակավայրերում որակյալ կրթությունը հասանելի դարձնելու պետության քաղաքականությունն իրագործելու նպատակով մինչև 2026 թվականը կառուցվելու, հիմնանորոգվելու կամ վերակառուցվելու է 300 դպրոց և 500 մանկապարտեզ: Վարչապետը հետաքրքրվել է 53 կրթահամալիրի նախագծանախահաշվային աշխատանքների ընթացքից: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նախ զեկուցել է 13 կրթահամալիրի կառուցման, ապա նաև նախագծային աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Դպրոցների ցանկ՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական 13 բնակավայրերի

Վերակառուցվող դպրոցներ

«Աճանանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Օխտարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Արծվանիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Գեղանուշի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Եղեգի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Ծավի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Ճակատենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ

Կառուցվող դպրոցներ

«Ներքին Հանդի հիմնական դպրոց» ՊՈԱԿ
«Շիկահողի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Կառուցվող մոդուլային դպրոցներ

«Վերին Խոտանանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Դավիթ Բեկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ
«Եղվարդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին