Կարևոր իրադարձություններ

Մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել

02 Նոյեմբեր, 2022 15:07
Մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել

Օրերս տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտականհանձնաժողովիերրորդ նիստը, որի ընթացքում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների:

Հանձնաժողովի որոշմամբ` ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնի շենքը, Արարատի (Լանջառ գյուղ) և Սյունիքի (Նորավան գյուղ) մարզերում գտնվող մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարանադաշտերը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի երեք խաչքարերը (XII-XIII դդ.), Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մշակույթի տունը (Էներգետիկների պալատ, XX դ.)  և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող «Կաբարդինսկի» զորանոցի տարածքում առկա երեք կառույցները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը և կընդգրկվեն պատմության և մշակույթի հուշարձանների համապատասխան ցուցակներում: 

Նիստում քննարկվել է նաև 25 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերին համաձայնություն տալու հարցը: Դրանցից տասներկու նախագծերի վերաբերյալ դիտողություններն աշխատանքային կարգով ներկայացվել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Դրական եզրակացություն են ստացել պատմության և մշակույթի այնպիսի կարևորագույն հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր, որոնցից են Սևանի վանքը (9-20-րդ դդ.), Վանեվանքը (10-14-րդ դդ.), «Սև բերդ» (19-րդ դ.) ամրոցը, Զորաց քարեր բնակատեղին (մ.թ.ա. 3 հազ. վերջ-1 հազ. 2-րդ կես) և այլն:

Ըստ սահմանված կարգի՝ նշված գոտիների նախագծերը կուղարկվեն համայնքների ղեկավարների  և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին