Կարևոր իրադարձություններ

Գորիսում կրակոցներ են հնչել. կա ձերբակալված

01 Նոյեմբեր, 2022 13:02
Գորիսում կրակոցներ են հնչել. կա ձերբակալված

Հոկտեմբերի 30-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ երկու երիտասարդների վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել:Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

Տեղեկությունների ստուգման ընթացքում հիվանդանոցից է հաղորդում ստացվել. հրազենային վիրավորումով բուժօգնության էր տեղափոխվել 29-ամյա երիտասարդ:

Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում Գորիս քաղաքի Նոր զանգեր տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Խնձորեսկ գյուղի 25-ամյա բնակիչը որսորդական հրացանից կրակել և մարմնական վնասվածքներ է պատճառել 29-ամյա գորիսցուն:

Բացատրական աշխատանքի արդյունքում 25-ամյա երիտասարդը ներկայացել է Գորիսի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը:

Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Դեպքի վայրից հայտնաբերվել են 7,62 մմ տրամաչափի հինգ պարկուճ և արնանման հետքեր:

ԼՐԱՑՎԱԾ. Բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 31-ին 25-ամյա խնձորեսկցու հայրը ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացրել «ԱԿՄ» տիպի 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ և դատարկ պահունակ:

Նա հայտնել է, որ որդին նշված ինքնաձիգով է մարմնական վնասվածքներ պատճառել 29-ամյա գորիսցուն:

Ինքնաձիգը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին