Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչի պատրաստ էի, բացի Սարգիսի մահվան լուրը լսելուց. մտածում եմ` հիմա դուռը բացելու է ու ներս մտնի. «Փաստ»

01 Նոյեմբեր, 2022 09:33
Ամեն ինչի պատրաստ էի, բացի Սարգիսի մահվան լուրը լսելուց. մտածում եմ` հիմա դուռը բացելու է ու ներս մտնի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սարգիսն անգամ անծանոթ միջավայրում կարող էր տրամադրություն ստեղծել: «Լավ էր երգում, ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, երեք տարի էլ՝ երգի դասերի հաճախել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգիս Անանյանի մայրիկը՝ տիկին Վարդուհին:

Ասում է՝ շփվող էր, ընկերասեր, ընկերներով իրար թև ու թիկունք էին, եթե մեկը գումար ունենար, մյուսը՝ ոչ, ունեցածը բաժանվում էր բոլորի մեջ, ընկերներից մեկն էլ է Սարգիսի հետ զոհվել: «Ամուսինս արտագնա աշխատանքի հաճախակի էր մեկնում, Սարգիսն էր տան մեծը, տան անելիքները միշտ իր հետ էինք քննարկում»,-նշում է զրուցակիցս:

Ծնողները շատ էին ցանկանում, որ ավագ որդին ԵՊՀ ռադիոֆիզիկայի բաժնում սովորի, մաթեմատիկան ու ֆիզիկան սիրելի առարկաներից էին: «Բայց ինքը Պոլիտեխնիկին էր հակված, միասնական քննություններից հետո երկու բալ չհերիքեց, որ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ ընդունվի: Ճանապարհը տարավ Պոլիտեխնիկ՝ Էներգո բաժինը: 2014 թ.-ին զորակոչվեց բանակ: Ծառայել է Հադրութում, հետախուզական վաշտում: 2016 թ.-ին զորացրվել է, մասնակցել է Քառօրյա պատերազմին՝ չնայած այդ մասին զինգրքույկում որևէ գրառում չի արվել»,պատմում է մայրիկը: Քառօրյա պատերազմի օրերին որդուն պետք է Ջաբրայիլի հոսպիտալում վիրահատեին, ճողվածք ուներ, սակայն սկսվում է պատերազմը, հիվանդանոց վիրավորներ են բերում, վիրահատության համար հոսպիտալ եկած չորս տղաները, այդ թվում՝ Սարգիսը, իրենց տեղը «զիջում» են Ապրիլ յանի տղաներին:

«Գիտեինք, որ հոսպիտալում է, մեկ էլ աչքովս նկար է ընկնում՝ Սարգիսը ազատամարտիկների հետ: Ջաբրայիլն իր համար ճակատագրական վայր էր, Քառօրյայի ժամանակ այդտեղի դիրքերում է եղել, բայց Հադրութի իր զորամասը չի մասնակցել պատերազմին: Ինչևէ, զինգրքույկում նշեցին որպես մարտական գործողությունների մասնակից, 30 տոկոսի չափով զեղչեցին մեկ տարվա ուսվճարը: Մի տեսակ հիասթափություն կար իր մեջ այդ իրադարձություններով պայմանավորված, ասում էր՝ քաղաքում նստած որևէ մեկը չի իմանում, թե պատերազմի դաշտում ինչ է կատարվում»,-նշում է տիկին Վարդուհին:

Սարգիսն ուսումն ավարտին չհասցրեց, բայց ձեռքերը ծալած չէր նստում, իր համար կարևոր էր աշխատանք ունենալն ու տանն օգտակար լինելը: 44-օրյա պատերազմին Սարգիսը կամավոր է մեկնել: «Երբ պատերազմն սկսվեց, անընդհատ փնտրտուքների մեջ էր, թե ոնց հասնի Արցախ, իհարկե, մեզանից թաքուն: Զանգահարել էր Ապարանի ազատամարտիկների ջոկատին, ասել էին, որ արդեն Արցախում են: Մի հարևան ունեինք, հրամանատարի տեղակալ էր, գալիս է, բակի տղաներին ասում՝ սա թուղթն է, ով ցանկանում է, թող իր անունը գրի, մեկնենք ռազմադաշտ: Մեր շենքից չորս հոգի գնացին, մեկն էլ՝ թուղթը բերողի տղան, ով զոհվեց: Հայրն էլ որդուն հուղարկավորելուց մի քանի օր հետո մահացավ, չդիմացավ այդ ցավին»,-վերհիշում է մայրիկը:

Սարգիսը վերջին պահին է ասում, որ պատերազմ է գնում. «Մամ, 10 օրով գնում եմ Գորիս, իմ որոշումն է, եթե ես չգնամ, մյուսը չգնա, թողնենք, որ թուրքը մեր տուն մտնի՞: Հիմա վեր կացեք, տեսեք, որ արդեն տուն է մտել: Վիճեցինք, նեղվեցինք, բայց իրեն հետ պահել չկարողացանք: Մեկ-մեկ ինձ մեղադրում եմ՝ գուցե հեշտ թողեցի իրեն: Մեկնեց սեպտեմբերի 30-ին, 13 օր իր հետ կապի մեջ ենք եղել, կարևորն իր ձայնը լսելն էր: Հոկտեմբերի 12-ի գիշերը, որի առավոտյան պիտի վերադառնային տուն, տան բոլոր անդամների հետ խոսեց: Այդ օրը պետք է գային, բայց մեքենան չէր գնացել, իրենց փոխարինող ջոկատն այդ օրն էր եկել:

Հաջորդ օրը պայմանավորվել էին, որ եղբայրն ու ընկերները մեքենաներով գնան Գորիս, իրենք էլ Արցախից կգան ու կվերադառնան Երևան: Ճանապարհին զանգում է եղբորը, ինչոր հարց ճշտում, և վերջ: Տղաներն այստեղից հասնում են Գորիս, սպասում, բայց ոչ ոք չի գալիս: Կարողանում են մեկի հետ խոսել, իմանում, որ Ջաբրայիլում տղաներին ԱԹՍ-ն հարվածել է, երեքը զոհվել են, բայց Սարգիսը վիրավոր է: Այդ պահին չեն կողմնորոշվում՝ ինչ անել, վերադառնում են Երևան: Այդ օրն էլ եղբորս ընկերը՝ Վահագն Թումասյանն էր զոհվել, գնացել էի իր մայրիկին ցավակցելու: Ի՞նչ իմանայի, որ ես էլ եմ այդ օրին հասել»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին