Կարևոր իրադարձություններ

Դեղերի գովազդի համար նոր կարգ կսահմանվի

06 Հոկտեմբեր, 2022 11:47
Դեղերի գովազդի համար նոր կարգ կսահմանվի

Կառավարությունն ընդունեց «Գովազդի մասին», «Դեղերի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որ վերաբերում է դեղերի արտաքին գովազդին։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրեց, որ այժմ գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար:

Ըստ նրա, ներկայացված նախագծով նպատակ կա ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտի ապահովում և հնարավորություն առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբեյալ տեղեկատվության տարածման։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց, որ դեղերի շուկան խստորեն կարգավորվում է։ Նա շեշտեց՝ գովազդի թույլտվությունը վերաբերվում է միայն առանց դեղատոմս դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է, և գովազդի թույլտվության պայմանները բավական խիստ են. «Մենք մեր գործընկերների հետ կաշխատենք նախագծի ուղղությամբ՝ մեր քաղաքացիներին հավելյալ ինքնաբուժման կամ բուժման ոչ պատշաճ սխեմաների խրախուսելուց ետ պահելու համրա։ Սա ևս կարևոր է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս որոշումը որևէ կերպ չվնասի մեր սպառողների իրավունքներին»։

Անահիտ Ավանեսյանը մանրամասնեց, որ նախագծի շրջանակներում կաշխատեն ԱԺ պատգամավորների հետ, որ օրենքի վերջնական տեսքը լինի հավասարակշռված։ 

Նախարարը նաև նշեց, որ օրենքը սպառիչ տալիս է այն բացառությունները, որ չեն կարող ներառվել գովազդի տեքստի, պատկերի հարցում։ Ըստ նրա, այս հարցում պայմանները բավական խիստ են. «Գովազդի տեղադրման համար տնտեսվարողները ստանում են թույլտվություն՝ գովազդի տեքստի և ձեւի առումով»։

 

Լրահոս

Դիտել ավելին