Կարևոր իրադարձություններ

Հայտնի են «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի արդյունքները

03 Հոկտեմբեր, 2022 22:03
Հայտնի են «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ Մայր թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հայաստանում անցկացվել է «Թատերական պաստառների» միջազգային փառատոն-մրցույթ։ Սեպտեմբերի 30-ին ամփոփվել են փառատոն-մրցույթի արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ մրցութային փուլ էին անցել 21 երկրի՝ 70 հեղինակի 95 աշխատանք։ Փառատոնի ժյուրիի անդամներն էին Միշալ Բատորին (Ֆրանսիա), Սերգեյ Սերովը (Ռուսաստան), Էբրահիմ Հաղիղին (Իրան)։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հատուկ մրցանակին» է արժանացել Դարյուշ Ալլահյարին (Իրան) «Միմ ընտանիքի հիվանդությունը» պաստառի համար։

Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Հատուկ մրցանակին» է արժանացել Շիմոն Շիմանկևիչը (Լեհաստան) «Ելք» ներկայացման պաստառի համար։

Խրախուսական դիպլոմների են արժանացել Քրիստինա Պոլենդերը (Սերբիա) «Կաֆկա մեքենա» ներկայացման պաստառի համար և Միրոսլավ Զդրոդովսկին (Լեհաստան) «Բալադինա» ներկայացման պաստառի համար։

ԱԿՏ մշակութային ՀԿ-ի «Հատուկ մրցանակը» տրվել է Քշիշտով Մոտիկային (Լեհաստան) «Վրեժ» պաստառի համար։

«Լավագույն պաստառ» անվանակարգում «Արվարձանում» պաստառի համար հաղթող է ճանաչվել Էրիխ Բրեխբյուլը (Շվեյցարիա), «Էլեգիա Հուլիոս Հեսարի և Սիմորղի մի քանի թռչունների սպանության համար» պաստառի համար՝ Ռասուլ Հաղջուն (Իրան), և «Ժամանակը գետ է, ուր գնում եմ մեղք գործելու» պաստառի համար՝ Բենժամին Ֆերնանդեսը (Ֆրանսիա)։

«Գրան պրի» մրցանակի է արժանացել Յուրի Տորեևը (Բելառուս) «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պաստառի համար։

Փառատոնի մրցութային պաստառները մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 11։00-17։00-ը, կցուցադրվեն Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում: Մուտքն ազատ է:

 

Լրահոս

Դիտել ավելին